Շավարշ Քոչարյան. ԼՂ հարցում արդյունք չի գրանցվի մինչև կողմերի միջև վստահության մթնոլորտ չձևավորվի


«Պատահական չէ, որ Վիեննայում ձևավորվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ, անհնարին է բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին: Այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը ժողովուրդը պետք է տեսնի։ Ըստ էության՝ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը դա են պահանջում»,-այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա անդրադարձել է նաև ճգնաժամային խմբի զեկույցին. «Իրականում պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն, տարիներ շարունակ այդ սուրը փորձում է թափ տալ հենց Բաքուն։ Այն քայլերը, որոնք իրականացրել է շփման գծում՝ բարձրացնելով լարվածությունը, իհարկե մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են, պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրամասում, առավել ևս՝ այն կետում, որտեղ միջնորդ են»,-ասաց նա և նշեց, որ իր կարծիքով՝ ապակայունացումը տարածաշրջանում ոչ մեկի պետք չէ: