Փոփոխություններ վարորդների համար, թե՞ հանուն վարորդների


Հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ հրապարակ մտնող մեքենաները զիջեն արդեն շրջանաձեւ հատվածում գտնվող մեքենաներին։ Արդյոք այս փոփոխության մասին տեղյակ են վարորդները, և արդյոք այն շփոթության և վթարային իրավիճակների պատճառ չի դառնա: Վարորդների արձագանքն ու նրանց վերաբերող մյուս փոփոխությունները՝ «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:
Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ հրապարակ մտնող մեքենաները զիջեն արդեն շրջանաձեւ հատվածում գտնվող մեքենաներին։
Երթևեկության նման կանոնները ընդունված են ամբողջ աշխարհում, և Հայաստանում ևս նախադեպն ունեցել ենք, երբ նման փոփոխություն կատարվեց օրինակ Գարեգին Նժդեհի հրապարակում: Դեռ այդ ժամանակ շատ վարորդներ շփոթության մեջ էին հայտնվում և անտեղյակության պատճառով ակամա վթարային իրավիճակներ էին առաջանում: Արդյո՞ք այս նոր փոփոխության մասին տեղյակ են վարորդները, թե՞ դարձյալ տհաճ իրավիճակներ են սպասվում:
Ցանկացած նորամուծություն առիթ է վերհիշելու ոլորտի մյուս խնդիրները ևս: Օրինակ՝ եթե նախկինում քաղաքացին տուգանքը չէր վճարում, ԴԱՀԿ-ն կալանք էր դնում նրա բոլոր հաշիվների վրա, ապա համապատասխան փոփոխություններից հետո արդեն տևական ժամանակ է ԴԱՀԿ-ն արգելանք է դնում միայն կոնկրետ գումարի վրա: Ի դեպ՝ վարորդներին վերաբերող ևս մեկ փոփոխություն է տեղի ունեցել, այս անգամ խոսքը կարմիր գծանշումների մասին է, թեև այս փոփոխությունը վարորդներն այնքան էլ չեն զգում: Այլեւս քաղաքապետարանն է տնօրինում կայանելու համար վճարվող գումարներն և ոչ թե «Պարկինգ սիթի սերվիսը», ինչպես նախկինում: Արդյո՞ք կարմիր գծանշումներից օգտվող վարորդներն այս փոփոխությունը զգում են: Գուցե սպասարկման որա՞կն է փոխվել:
Արդյոք կարմիր գծանշումներն իրենց արդարացնո՞ւմ են՝ հետաքրքրվեցինք նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանից: Ինչպես շատ վարորդներ, սպառողների իրավապաշտպանը ևս կարծում է, որ անգամ վճարելու պարագայում ոչ միշտ է հաջողվում կայանել ավտոմեքենան:
Ըստ էության՝ վճարովի կայանատեղին սպասարկող կառույցի փոփոխությունը ոչ վարորդների և ոչ էլ մյուս քաղաքացիների կյանքում ոչ մի բան չի փոխել: Նշենք, որ մայիսի 24-ից ուժի մեջ է մտել ևս մեկ փոփոխություն: Տուգանքների մասին վարորդը կտեղեկացվի sms հաղորդագրության միջոցով, եթե 1041 համարին ուղարկի իր ավտոմեքենայի հաշվառման վկայագրի սերիան և համարը, և տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը: Ծրագիրը բաժանորդից գանձելու է 50 դրամ, իսկ հետագայում այս sms-ները կլինեն անվճար: