Հասարակություն

Փաստաբանների պալատում բացվել է անվճար իրավաբանական օգնության աշխատասենյակը


Փաստաբանների պալատում երեկ բացվել է Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության աշխատասենյակը, ինչը ազդարարում է Հայաստանում այս համակարգի ներդրման եւ զարգացման մասին: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրել է, որ գործադրելու է բոլոր ջանքերը՝ այդ նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու և զարգացնելու ուղղությամբ: Նախաձեռնության հեղինակները համոզված են, որ նորաբաց աշխատասենյակը նաեւ երիտասարդ փաստաբանների աշխատանքային գործունեության համար լավ մեկնարկ կապահովի: Յուրաքանչյուր շահառու իրավունք կստանա աշխատասենյակից օգտվել մեկ կիսամյակ ժամկետով: Միակ պայմանը, որ դրվելու է մեր գործընկերների առջև՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրումն է մեր քաղաքացիներին՝ նշել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Փաստաբանների շրջանում, սակայն, Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության համակարգի վերաբերյալ մոտեցումները միանշանակ չեն:


Հայաստանի Փաստաբանների պալատում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով կառուցված աշխատասենյակի բացման կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց, որ ընդհանրապես փաստաբանական ինստիտուտի սոցիալական պատասխանատվությունը հանրության առջեւ  հայտնի երեւույթ է, որը վերջին երկու դարերի ընթացքում լուրջ զարգացում է ստացել:

«Բնական է, ինչքան զարգանում է փաստաբանության ինստիտուտը մեզանում, այնքան հարակից ինստիտուտները, այդ թվում նաեւ Pro Bono (անվճար) իրավաբանական օգնության համակարգը զարգանալու է: Սա նախաձեռնություն է, որը սկիզբն է ընդամենը: Ես վստահ եմ, որ այն դառնալու է առանձին շարժում, ինչպես շատ երկրներում դարձավ: Երբ փաստաբանները իրենց ժամանակի 3-5 տոկոսը տրամադրում են անվճար իրավաբանական օգնությանը»:

Փաստաբաննների շրջանում, մինչդեռ, ներմուծվող այս նոր անվճար իրավաբանական ծառայության վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն: Ոմանք ողջունում են ծառայությունը, ոմանք էլ կարծում են, որ Հայաստանում նման ծառայության մասին խոսելը դեռ վաղ է: Որոշ փաստաբանների ձեւակերպմամբ էլ՝ Pro Bono (անվճար) օգնության մասին բարձրաձայնողները հարցը լավ չեն ուսումնասիրել: Հայաստանում չկա այնպիսի վիճակ, որ մարդը չկարողանա գտնել իրեն հարմար փաստաբան, հատկապես, այն դեպքում, որ կարող է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակ դիմել, որտեղ անվճար կստանա որոշակի տեսակի իրավաբանական օգնություն: Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ չկա այդպիսի հանրային պահանջ, որ փաստաբանները չնկատեն ու չարձագանքեն:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, թե Pro Bono (անվճար) օգնությունը նախաձեռնողների համար դարձել է դոմինանտ, բայց չգիտե, թե ինչ դիվիդենտների համար:

Տիգրան Աթանեսյանը շեշտեց, թե 16 տարի փաստաբան է եւ տեսել է, որ ցանկացած փաստաբան իր գործերի առնվազն 15-20 տոկոսն է անվճար անում.

«Դա կա եւ փոխանակ եղածը ցույց տալու, որ փաստաբանները դա անում են, հերթական անգամ ինչ-որ մի կեղծ օրակարգ են ստեղծել, որպեսզի PR անեն, իրենց ցույց տան: Եվ այս ծրագիրը, եթե ունեցավ պարտադիր էլեմենտ, տապալվելու է, արդյունք չի տալու, ամեն դեպքում, եթե այն եղավ փաստաբանի կամքին հակառակ. դա չի աշխատի»:

Կարեւորելով նախաձեռնությունը՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ փաստաբանները սոցիալական պատասխանատվություն են կրում իրենց մասնագիտական կարողությունները հօգուտ հանրությանը ծառայեցնելու առումով:

Նախարարի խոսքով, Pro Bono (անվճար) օգնությունը, որը ծագել է 19-րդ դարում, այնուհետ զարգացումը ստացել եվրոպական երկրներում, այժմ արդեն կտարածվի նաև Հայաստանում:

«Սա կարծում եմ առաջին կարեւոր քայլն է Հայաստանում Pro Bono (անվճար) ծառայությունների մատուցման: Pro Bono-ն, ինչը նշանակում է անվճար եւ խոսքը վերաբերում է ոչ թե պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի, այլ՝ ծրագրի, որը մարդիկ կատարում են կամավոր»:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով, սակայն, տվյալ նախաձեռնությամբ ակնհայտ է պարտադիրի բաղադրիչը, իսկ դա կնշանակի, որ Փաստաբանների պալատի ղեկավարը կդառնա գլխավոր փաստաբան եւ այս կամ այն փաստաբանին կպարտադրի որեւէ գործ, որը վերջինիս ցանկությանը, սկզբունքներին դեմ է եւ այլն: Դա կդառնա մի բան, որը կհակասի բուն գաղափարին՝ կարծում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ինչ որ իրենք են ուզում անեն, դա չի աշխատելու: Դա լինելու է հերթական թատրոնը եւ ինչ-որ անձերի սեփական ամբիցիաների հաստատում: Չի աշխատի եւ մեր դժբախտ քաղաքացին էլ, չքավոր քաղաքացին էլ այդ օգնությունը չի ստանա»:

Փաստաբանների պալատի անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, մինչդեռ, համոզված է, որ տվյալ ծառայությունն անհրաժեշտություն է անվճարունակներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար: Միաժամանակ, սակայն, նա նույնպես այն տեսակետին է, որ կոնկրետ գործեր կոնկրետ փաստաբանների պարտադրելու հանգամանքը կարող է անարդյունավետ լինել:

Արդարադատության նախարարությունում կարեւորում են հատկապես այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անվճար իրավաբանական օգնությունը տրամադրելու են փաստաբանական ընկերությունները՝ առանց պետության ֆինանսավորման, ինչը գործում է հանրային պաշտպանի պարագայում:

«Սա խոսում է այն մասին, որ  խնդիրները, որոնք առկա են, դրանք գիտակցվում են ու դրանց լուծման ուղղությամբ անընդհատ նոր քայլեր են կատարվում»,-ասել էր ԱՆ Դավիթ Հարությունյանը՝ շեշտելով, որ փորձը ցույց է տալիս, որ առավել հաջողակ են այն երկրները, որտեղ փաստաբանական ընկերությունները նման ծառայություններ են մատուցում:

Ցուցադրել ավելի
Back to top button