Հասարակություն

Չկա մի ոլորտ, որտեղ չլինի թվայնացման անհրաժեշտություն. վարչապետ


Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացման, թափանցիկության և բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովման համար, անհրաժեշտ է տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայր:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ արդեն իսկ որոշ գերատեսչություններ միջոցներ են ձեռնարկում այս ուղղությամբ, սակայն հարկավոր է հարցին տալ համակարգային լուծում:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ, ըստ ոլորտների, անհրաժեշտ թվայնացում իրականացնելու ուղղությունների և դրանց հիմնավորումների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարում եմ առաջին կետով նախատեսված ամբողջ տեղեկատվությունը ստանալուն պես երկշաբաթյա ժամկետում ամփոփել և ներկայացնել միասնական թվայնացված միջավայրի իրագործման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով և պատասխանատուներով»,-  ասել է վարչապետը:

«Պետք է ունենալ թվային քարտեզ, կառավարման բոլոր սուբյեկտները, բիզնես գործընթացները թվայնացնել: Արդեն մի քանի գերատեսչություններում՝ ՊԵԿ-ում, Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ունենք նման փորձ: Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ տեսնում ենք մեր թերությունները, ցայտուն երևում են անհամամասնությունները և ըստ դրա՝ շատ մեծ կիրառական արդյունք է ապահովվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չկա մի ոլորտ, որտեղ չլինի թվայնացման անհրաժեշտություն:

Ցուցադրել ավելի
Back to top button