ԿարևորՄիջազգային

Թեհրանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 12 մարդ (լրացված)

լուսանկարը՝ Twitter-ից

վերջին լրացումը

Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել 42 մարդ, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով ԻԻՀ Շտապ օգնության ծառայության ղեկավարին։

Իրանական պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է, 4 ահաբեկիչները՝ ոչնչացվել։

լրացվել է ժամը 14։52- ին

Թեհրանում եւս մեկ հարձակում պատրաստող ահաբեկիչները ձերբակալված են՝ ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի հետախուզության նախարարության ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր տնօրենը։ Նա նաեւ արդեն ահաբեկչություն է որակել Իրանի խորհրդարանի եւ այաթոլահ Խոմեյնիի դամբարանի վրա այսօր տեղի ունեցած հարձակումը։

+++

լրացվել է ժամը 14։48- ին

Իրանի ՆԳ նախարարի՝ անվտանգության հարցերով տեղակալի հաղորդմամբ՝ ահաբեկիչները Մեջլիսի շենք են մուտք գործել կանացի հագուստով՝ քաղաքացիների համար նախատեսված մուտքով:
+++

լրացվել է ժամը 14։10-ին

Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով, նախնական արդյունքներով, հոսպիտալացվել է 37 մարդ՝ հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարությանը։

Վիրավորներից երկուսը մահացել են հիվանդանոցով, տուժածների մեծ մասը ստացել է հարզենային վնասվածքներ։

+++

լրացվել է ժամը 14։07- ին

Իսրայելական newsru.co.il կայքը հայտնում է, որ խորհրդարանի շենքը գրաված ահաբեկիչներից մեկը սպանվել է, երկրորդը՝ ինքնասպան է եղել՝ ատամների մեջ փշրելով կալիումի ցիանիդի սրվակը, երրորդ հարձակվողը կալանավորվել է։ Ըստ կայքի՝ որոշ վկայությունների համաձայն՝ նա կին է։

Ի դեպ՝ իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կին է եղել նաեւ այաթոլահ Խոմեյնիի դամբարանի վրա հարձակված մահապարտ ահաբեկիչը։

+++

լրացվել է ժամը 13։46- ին

Իրանի Մեջլիսի պատգամավորները անվտանգության ուժերի ուղեկցությամբ տարհանվել են՝ «Ռադիոլուրին» հայտնել է հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը։ Նա այս պահին գտնվում է Թեհրանում՝ Հայոց եկեղեցու առաջնորդարանում։ Ըստ Խանլարյանի՝ խուճապային իրավիճակ չկա, անվտանգության ուժերը տիրապետում են իրավիճակին։ Պատգամավորը ասել է, որ տուժողների մեջ հայեր չկան եւ ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին։

+++

լրացվել է ժամը 12։36- ին

Թեհրանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետությունը»՝ հայտնում է «Ալ Արաբիան»։  Նույն հեռուստաընկերությունը հայտնում է, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել է երկու մարդ։

«Թանսիմ» գործակալությանն տվյալներով՝ զոհվել է յոթ մարդ, ահաբեկիչները պատանդ են վերցրել չորս հոգու։

+++

տեղադրվել է ժամը 12։06- ին

Անհայտ անձինք այսօր Թեհրանում Իրանի խորհրդարանի շենքում եւ այաթոլահ Խոմեյնիի դամբարանում հարձակում են գործել՝ հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Հարձակվողների մասին տեղեկատվությունը խիստ հակասական է։ Հայտնվում է, որ Մեջլիսի շենքի վրա հարձակվողները երեքն են։

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ այս պահին Մեջլիսի նիստը շարունակվում է, նիստերի դահլիճում ամեն ինչ հանգիստ է, գործողությունները տեղի են ունենում հարակից վարչական շենքում։

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ եւս մեկ մարդ հարձակվել է այաթոլահ Խոմեյնիի դամբարանի վրա։ Դամբարանի մամուլի ծառայության ղեկավարը հայտնել է, որ հարձակվողը կրակ է բացել, ապա գործի դրել մահապարտի գոտին եւ զոհվել։

Այս հարձակման արդյունքում կան տուժածներն, որոնց թիվը ճշտվում է։ ԻՌՆԱ գործակալությանն տվյալներով՝ վիրավորվել է հինգ մարդ։

Կարեն Խանլարյան. ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր

Ցուցադրել ավելի
Back to top button