Համոզված եմ, որ մեր բնակիչներն անպայմանորեն և՛ թափելու են Թալիշի թութը, և՛ քաղելու են ծառերի վրայի եղած բերքը։ Արցախ այցելած լրագրողներին հավաստիացրել է Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը: Իսկ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերը վերականգնվում են, մարդիկ ապրում են բնականոն կյանքով: Ի դեպ, Մարտակերտում ծնունդների, ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է. 2016 թվականին շրջանում ծնվել է 21, իսկ այս տարվա հունվար-մայիսին՝ 27 երեխա: Նախորդ տարվա մայիսին գրանցվել է 3 ամուսնություն, այս տարվա մայիսին՝ 9:
Թալիշի հանրակրթական դպրոցի գրատախտակի վրա դեռևս պահպանվում է այն գրությունը, որ այստեղ վերջին դասը եղել է 2016 թ ապրիլի մեկին: Դպրոցում այժմ լռություն է, բայց Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանը հավաստիացնում է՝ դպրոցական զանգի ձայնը գյուղում լսվելու է, բայց արդեն նոր կառուցված դպրոցում։ Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանն էլ բացատրում է, թե ինչու են որոշել ոչ թե հին դպրոցը վերակառուցել, այլ՝ նորը կառուցել:«Շատերն ասում են, թե ինչո՞ւ հին տները չեն վերակառուցվում, բայց կա նաև հոգեբանական պահ: Երեխան բակում խաղալուց անընդհատ տեսնելու է հակառակորդի դիրքը, ինչը կազդի երեխայի հոգեբանության վրա: Դրա համար կառուցում ենք այնտեղ, որտեղից վիզուալ տեսանելի չէ առաջնագիծը: Ու թող թուրքն իմանա, որ այսօր շինություն ենք կառուցում ապաստարանով ու դուրս չենք գալու։ Որ կրակես՝ մտնելու եմ ապաստարան, դուրս եմ գալու, իմ կյանքով ապրեմ»: Դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Ֆեդյա Ապրեսյանին հանդիպում ենք Ալաշան համայնքում։ Այստեղ նրանք ժամանակավոր բնակություն են հաստատել: Ֆեդյա Ապրեսյանն ասում է, որ պատրաստ է այսօր էլ վերադառնալ հայրենի գյուղ, միայն թե անվտանգ լինեն: Ֆեդյայի հետ համամիտ են գրեթե բոլոր թալիշեցիները։ Նրանք օր առաջ ցանկանում են վերադառնալ հայրենի գյուղ: Ի դեպ՝ Ալաշանում ապրող թալիշցիները լիովին ազատված են ջրի և հոսանքի վճարներից։ Առաջանում ենք գյուղամեջ ու այստեղ հանդիպում այլ գյուղացիների։ Նրանք փոքրիկ սուրճի սեղանի շուրջ քննարկում են աշխարհաքաղաքական հարցեր, կանխատեսում, թե բանակցային գործընթացը ինչ փուլում է, բայց մինչ իմ հարցերին պատասխանելը, նրանք նախ հետաքրքրվում են՝ հաց կերե՞լ ենք։ Հետո սուրճ են առաջարկում ու պայման դնում` մինչև չխմենք՝ չենք խոսի: Ալաշանից գնում ենք Թալիշ: Գյուղում այս պահին բնակվում է մոտ 20 հոգի, միայն տղամարդիկ:
Պետրոսյան եղբայրները միաժամանակ զինծառայություն են անցնում և պահպանում հայրենի գյուղը: Տիգրանը կրտսերն է, ժամկետային ծառայությունն ավարտել է 2016-ի դեկտեմբերին։ Պաշտպանության բանակում պայմանագրով ծառայում է երեք ամիս, ապրիլյան մարտերից հետո ցանկացել են գյուղում մնալ:
Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանին փոխանցում ենք բնակիչների մտահոգությունները, ասում՝ նրանք պատրաստ են վերադառնալ իրենց բնօրրան, միայն թե լինեն անվտանգության երաշխիքներ. «Սկսած 2013-ից գյուղի ուղղությամբ անգամ, իհարկե, ոչ անմիջապես բնակավայրի վրա, պայթել են արկեր։ Այդ ամենն արդեն շատ սովորական էր դարձել բնակչության համար, այսօր ևս մի որոշակի չափով ավելացել է վտանգը, բայց դրան զուգահեռ մենք նոր տարբերակներով ենք ուզում դիմակայել դրան։ Օրինակ՝ ինչպես դպրոցը և այլ համայնքային կառույցներ, այնպես էլ կառուցվող բոլոր անհատական տները կունենան իրենց ապաստարանները»: Գյուղապետի հետ խոսում ենք նաև տրվող արտոնությունների մասին և ոչ միայն։ Արդյո՞ք վերակառուցված Թալիշում բնակություն հաստատելուց հետո բնակիչներին դարձյալ կտրվեն արտոնություններ ինչպես Ալաշանում։ Վիլեն Պետրոսյանը նշում է՝ երբ Թալիշը բնակեցվի՝ գյուղին կտան ոչ թե արտոնություններ, այլ՝ առանձին կարգավիճակ, տրվող արտոնություններին էլ կտարբերվեն մնացած բնակավայրերին տրվածներից։ Եվ վերջում արդեն սպասվող բերքահավաքի մասին։ Համայնքի ղեկավարն ասում է, որ այս տարի Թալիշում բերքը բավականին առատ է։ «Բերքը Թալիշում շատ է, և ես համոզված եմ, որ մեր բնակիչներն անպայման և՛ թափելու են Թալիշի թութը, և՛ քաղելու են ծառերի վրայի եղած բերքը։ Հենց անմիջապես իրենք՝ ոչ ուրիշները»։
1992-ին գրավված Թալիշ գյուղն ազատագրվել է 1994-ի ապրիլի 14-ին։ Ազատագրումից ամիսներ անց արդեն 13 բնակիչ տեղափոխվել է գյուղ, որից հետո գյուղն ամբողջությամբ վերաբնակեցվել է։