«Գործ տալու» ինստիտուտը. թեժ քննարկում՝ ԱԺ արտահերթում


Ազգային ժողովն այսօր կրկին արտահերթ նիստ է հրավիրել կառավարության առաջարկած օրակարգով: 4 հարցերից երեքն առնվազն հրատապ, առաջնային եւ կարեւոր է համարվում: Դրանք են «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագիծը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որն առնչվում է շուրջ 300 համայնքի խոշորացման խնդրին: Օրակարգում է նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցնել 47 ընկերություն, որոնցից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Հարցերի քննարկման համար կառավարությունը կրկին առաջարկել է արագացված քննարկում: Ընդդիմադիրները դժգոհեցին, հանրապետական խմբակցությունը 20 րոպե արտահերթ ընդմիջում խնդրեց՝ կառավարության հետ խորհրդակցելու համար: Ի վերջո, համաձայնություն ձեռք բերվեց հարցերին ավելի երկար քննարկման ժամանակ տրամադրելու շուրջ: Այսքանը բավարար էր ընդհանուր հայտարարի գալու եւ օրակարգը միաձայն հաստատելու համար: