Տնտեսական

Այս տարի մթերման գործընթացում ռիսկերը հաշվի կառնվեն. պատասխանատուներ

Պտուղ -բանջարեղենի մթերման սեզոնը մոտենում է:  Պատասխանատուները վստահեցնում են՝  ֆինանսական նոր մեխանիզմների օգնությամբ կկարողանան այս տարի մթերման գործընթացում կանխել հնարավոր ռիսկերը:  Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը դեռ փակագծերը չի բացում, սակայն ասում է, որ  վերամշակման ոլորտում այս տարի նորություններ կլինեն: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է: Առաջիկայում այն կներկայացվի կառավարության հաստատմանը: Նախատեսվում է  վերամշակող ընկերություններին ցածր տոկոսադրույքով  կամ սուբսիդավորմամբ  վարկեր տրամադրել՝ մթերման գործընթացը կազմակերպելու նպատակով: Իսկ նախորդ տարիներին մթերած խաղողի գումարների պարտքի մի մասը վերամշակող ընկերությունները դեռ չեն էլ մարել: Պարտքեր ունեցող գործարաններից  Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ իրենց ցածր տոկոսադրույքներով վարկեր են պետք:

2015 թ խաղողի աննախադեպ բերքն իսկական պատուհաս դարձավ  վերամշակող ընկերությունների համար:  Նույն այդ տարի Հայաստանի հիմնական գործընկեր  ու արտահանման շուկա համարվող ՌԴ նկատմամբ սահմանված պատժամիջոցների ու ռուսական ռուբլու արժեզրկման պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնեցին վերամշակող ընկերությունները։

Արդյունքում՝ ստեղծվեց մի իրավիճակ, երբ գյուղացին խաղողի առատ բերքը չէր կարողանում մթերել, վերամշակող ընկերություններն էլ ֆինանսական միջոցներ չէին գտնում  խաղողը  կանխիկ մթերելու համար: Կար քաղաքական կամք՝ ոչ մի կգ խաղող չթափել:   Բերքի մեծ մասը մթերվեց՝ վերամշակող ընկերություններին խնդրելով, համոզելով, գուցե նաև պարտադրելով: Սակայն այսօր՝ երկուսուկես տարի անց, գյուղացիների մի մասը դեռ չի կարողանում ստանալ մթերած խաղողի գումարը:  Նրանք մի քանի անգամ իրենց գումարներն ստանալու համար  կառավարության շենք հասան:  Զրուցակիցներիս հետ հենց այնտեղ էի հանդիպել: Նրանք Արարատի Մարզի Քաղցրաշեն համայնքից են:

Տարեսկզբին  վերամշակող ընկերությունները գյուղացիներին  1, 5 մլրդ դրամ էին պարտք, այսօր՝ մոտ 180 մլն դրամ: Գյուղատնտեսության նախարարությունը ուղիներ է փնտրում, որպեսզի վերամշակող ընկերությունները  կարողանան մարել գյուղացիների պարտքը:  Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյան:

Շուրջ 20 մլն դրամ գումարի պարտք դեռ մնում է: Ռոբերտ Մակարյանը նշեց, որ  Արարատի մարզպետարանը կգույքագրի, թե քանի գյուղացի դեռ խաղողի գումար պետք է ստանա,  կփոխանցի իրենց: Այստեղ խոստանում են վերջապես մարել ամբողջ պարտքը։

Երկու խոշոր ընկերություն էլ մթերած լոլիկի  պարտք ունի՝ մոտ  50 մլն դրամ: Այս գումարն էլ են խոստանում առաջիկայում վճարել:  Իհարկե՝ վերամշակող ընկերություններն ի վերջո ինչ-որ մի օր  պարտքը կփակեն, սակայն հայտնի է  նաև, որ նրանք էլ լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: «Ռադիոլուրի» հետ զրույցում Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թևանյանը նշեց, որ ֆինանսական խնդիրներ արդեն մի քանի տարի է, ինչ ունեն: Ավելին՝ այս պահին սահմանամերձ համայնքում գտնվող գործարանը ընդհանրապես չի աշխատում.

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին հարցնում են՝  կա՞ն արդյոք  տնտեսվարողների համար ֆինանսական առողջացման  մեխանիզմներ: Պարզվեց՝  վերամշակման ոլորտում այս տարի նորություններ կան: Դեռ քննարկման փուլում գտնվող ծրագրից  փոխնախարարը փակագծերն ամբողջությամբ չբացեց, սակայն նշեց, որ նախատեսում են վերամշակող ընկերություններին ցածր տոկոսադրույքով  կամ սուբսիդավորմամբ  վարկեր տրամադրել:

Բացի այդ, այս տարի «Սպայկա» ընկերության նախաձեռնությամբ   էլեկտրոնային  հարթակ  կգործի՝ «ARMZONE»: Վերամշակող  ընկերություններն ու  անհատները  հնարավորություն կունենան օնլայն հարթակում ներկայացնել իրենց արտադրանքն ու  դրանք  վաճառել Մոսկվայում և Կրասնոդարում: Նպատակ կա  վաճառքի հնարավորությունն ընդլայնել:  Այս դեպքում էլ, գյուղատնտեսության փոխնախարարի հավաստմամբ, վճարումը տեղում կկատարվի:

Back to top button