Տնտեսական

Մատաղիսի խավիարը ձեռնոց կնետի ադրբեջանականին

Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքի խավիարի  գործարանը պատրաստ է ձեռնոց նետել ադրբեջանական խավիարին: Մատաղիսում տեղակայված գործարանում  նախատեսվում է ստանալ տարեկան 15-20 տոննա սև ձկնկիթ՝ Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է  վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Խավիարն արդեն փորձաքննություն է անցել համաշխարհային առաջատար ընկերության կողմից: Ղեկավարը եղել է Արցախում ու  ցանկություն հայտնել ոչ միայն մասնակցել արտադրանքի իրացմանը, այլև՝ ներդրումներ անել՝ ասում է։

Չնայած ապրիլից հետո տնտեսական առումով Արցախում խնդիրներ եղել են, մի  շարք ներդրողներ ոչ թե հրաժարվել են, այլ հետաձգել են իրենց ներդրումները, բայց այդ հանգամանքներն էլ չեն խանգարել, որ  այս տարի Արցախի Հանրապետությունում նախատեսեն տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ՝ հավաստիացնում է ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։

« 2016 թ.-ին ունեցել ենք տնտեսական աճի ավելի քան 9 տոկոս ցուցանիշ, իսկ այս տարի սպասում ենք երկնիշ թիվ՝ 10 տոկոսից ավելի: Ներդրումների մեծ մասը հիմնականում կատարվել է հանքարդյունաբերության և հիդրոէներգետիկայի ոլորտներում։ Դարձել ենք երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջը, այլև առաջիկայում արդեն սկսելու ենք արտահանում դեպի Հայաստան»,- ասաց ԱՀ վարչապետը։

Վարչապետն ասում է վերջին ամիսներին աճել են նաև շինարարության ծավալները, զարգանում է ձկնատնտեսությունը, ավելանում է զբոսաշրջիկների հոսքը։

Պարզվում է, որ տնտեսական  դիտանկյունից  այսօր Արցախի ամենամեծ խնդիրը բնակարանայինն է։

«Ազատ տուն չկա Արցախում։ Պահանջարկը շատ ավելի մեծ է, քան՝ առաջարկը», — ասաց ԼՂՀ վարչապետը։

Բարձրաձայնում ենք նաև վերաբնակեցման հարցը։ Ինչո՞ւ  վերաբնակեցում չի կատարվում: Արցախի վարչապետն ասում է, որ դա միայն արցախյան խնդիր չէ,այլ անվտանգության համահայկական խնդիր։ Օրինակ՝ 1000 հոգի վերաբնակեցնելու համար մեծ գումարներ, ներդրումներ են անհրաժեշտ։ Գումարներ անհրաժեշտ  են նաև Թալիշը վերականգնելու համար: Այսօր արդեն մշակված է  մեծ նախագիծ,բայց ոչ թե  վերականգման, այլ՝ նոր Թալիշի կառուցման: Արդեն սկսվել են է համայնքային կենտրոնի, բուժկետի կառուցումը ու  շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի շինարարությունը: Նշենք, որ այս պահին Թալիշի բնակիչները  մեծ մասը բնակություն է  հաստատել Ալաշան համայնքում:

Չենք շրջանցում նաև բանակցային թեման: Ի՞նչ ակնկալիքներ ունի Արցախի վարչապետը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Արայիկ Հարությունյանը գնահատում է միջնորդ երկրների ջանքերը ու ասում:

«Արցախցիների համար երկու պայման կա` մեկը անվտանգություն է,մյուսը անկախությունը: Ու մենք պետք է այն որոշենք: Եթե մենք խոսենք որ խաղապահ ուժերը պետք է ապահովեն Արցախի անվտանգությունը, ապա մենք դա տեսել են 88-92 թթ-ին: Հետևաբար, երբ խոսում ենք փոխզիջումների մասին՝ գլխավոր թեման պետք է լինի անվտանգությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button