Հասարակություն

Հաղթանակը մերն է լինելու. Լեւոն Մնացականյան

«Մենք գտնվում ենք մի պատերազմի մեջ, որը դեռ վերջնական ավարտված չէ»,- Արցախում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյան: Հրամանատարը պատասխանում է «Ռադիոլուր»-ի այն դիտարկմանը` թե ինչու Արցախը սահմանային  իրավիճակի մասին  որոշեց  տեղեկատվություն տրամադրել շաբաթվա կտրվածքով:

«Նպատակահարմար չենք գտնում լրացուցիչ լարվածություն մտցնելմեր հասարակության մեջ: Ամեն օր էլ մենք պետք է պատրաստ լինենք: Անկախ նրանից՝ մենք  հայտարարում ենք, թե չենք հայտարարում, հասարակությունը միշտ  էլ պետք է պատրաստ լինի:

Պաշտպանության բանակի հրամանատ արից տեղեկանում ենք  նաև սահմանում վերազինման աշխատանքների մասին։ Ասում է՝ ապրիլյան դեպքերից   հետո առաջնագծում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց շնորհիվ առաջնագիծը վերահսկելի է 100 տոկոսով:

Ապրիլյան դեպքերի ժամանակ մամուլը գրեց, որ դիրքերում  ռազմամթերքի պակաս է եղել անգամ փամփուշտներն են սպառվել։ Լևոն Մնացականյանը հերքում է բոլոր այդ լուրերն ու մի քանի անգամ կրկնում՝ ոչ մի պարագայում հայկական զինված ուժերը զինամթերքի պակաս չեն  ունեցել։

«Զինամթերքի մի քանի մարտապաշար զինվորի մոտ եղել է ավելին՝ դեռևս այն ժամանակ։ Դիրքերում եղել է մարտալրակազմ մի քանի անգամ ավելի, քան հրամանով սահմանված էր և այսօր էլ այդ չափաբաժինները՝ զինվոր, դիրք, դիտակետ և այլն, մի քանի անգամ ավելացված է»:

Ի դեպ՝ դիրքերում զինվորները  մեզ հետ զրույցում  անձնական հիգիենայի խնդիրներ բարձրաձայնեցին, նրանց մտահոգությունները փոխանցեցինք պաշտպանության բանակի հրամանատարին.

,Աշխատում ենք, որ ջուրն առաջնային գիծ հասցնենք ոչ թե մեքենաներով, այլ ինքնահոսով: Այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ ենք կատարել: Աշխատելու ենք խողովակներով ջուրը հասցնել դիրքեր: Մենք բաղնիքի ու լողանալու հետ պահպանական ոչ մի շրջանում խնդիր չունենք։ Շաբաթական զինվորները լողանում են, ուստի պայմանների ապահովության հարցերն ամբողջությամբ առկա են»:

Եվ անդրադարձ պաշտպանության բանակի զորամասերից մեկում 3 ժամկետային զինծառայողների ջրահեղձման դեպքին: Մայիսի 8-ին զորամասերից մեկում  երեք զինծառայողներ ջրահեղձ են եղել, որից հետո աշխատանքից հեռացվել էին  հրամանատարը,   երկու տեղակալները: Այսօր արդեն զորամասն ունի նոր հրամանատար:

Եվ վերջում արդեն բանակցային գործընթացից: Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Արցախի Հանրապետություն ու հայկական կողմը   ներկայացնելու է այն իրավիճակը, որը կա այսօր` թե հրադադարի ռեժիմի խախտումների առումով, թե մեր կողմից ինչպիսի պատասխաններ են տրվել իրենց խախտումներին,

«Ադրբեջանական կողմն է, որ միշտ աշխատել է խոչընդոտել դրանց ներդրմանը։ Համանախագահներն էլ են կողմնակից այդպիսի մեխանիզմների ներդրմանը։ Համենայնդեպս՝ իրենք աշխատում են, որ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ», — ասաց Լ. Մնացականյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button