Հասարակություն

Հրապարակվել է դատապարտյալների առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ ՄԻՊ արտահերթ զեկույցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքիապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում:

Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների,  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության,  դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության և պատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը:

Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորված անձանց և դատապարտյալների բողոքների ուսումնասիրությանարդյունքները, Պաշտպանի կայացրած` մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:

Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:

Ցուցադրել ավելի
Back to top button