Այսօր նշվում է Հոգեգալստյան տոնը


Հայ Առաքելական եկեղեցին հունիսի 4-ին նշում է Հոգեգալուստյան (Պենտեկոստե) տոնը: Qahana.am-ը գրում է, որ առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Ս. Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: և բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչյան այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաև Միջագետքը, Հրեաստանը և Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը: Հետևաբար` այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական Եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Ս. Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) և «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգությունում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ներսես Լամբրոնացու այս առթիվ գրված աղոթքը:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ: