Ահաբեկչական հարձակումներ Լոնդոնում. կա 6 զոհ, 30-ից ավելի վիրավոր


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան` տեղի ժամանակով 22:00-ի շրջակայքում, ահաբեկչական հարձակումներ են եղել միաժամանակ մի քանի վայրում ՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։ BBC-ն հաղորդում է 6 զոհի մասին: Ավելի քան 30 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս է եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Լոնդոնիոստիկանությունը հայտարարել է երեք ահաբեկչի ոչնչացման մասին: Եվս մեկ կասկածյալ դեռևս ազատության մեջ է:
Բորոու շուկայի տարածքում անհայտ անձը կրկին դանակով հարձակվել է այցելուների վրա։
Վարչապետ Թերեզա Մեյը տեղեկացվել է պատահածի մասին և արդեն իսկ ստացել է օգնության առաջարկներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և այլ ղեկավարների կողմից: