Մշակույթ

Քննարկվել է հայ-գերմանական մշակութային համագործակցությունն առավել ընդգրկուն դարձնելու հարցը

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիզոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակության անդամները և ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր նախարարի աշխատասենյակում քննարկեցին վերջերս բավական աշխուժացած հայ-գերմանական մշակութային համագործակցությունն առավել ընդգրկուն դարձնելու հարցը։

Պատվիրակության կազմում էին Գյոթեի ինստիտուտի նախագահ, պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Կլաուս-Դիթեր Լեհմանը, Վրաստանում Գյոթեի ինստիտուտի ղեկավար, դր. Շտեֆան Վաքվիցը, Հայաստանում Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Քրամերը և Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադյա Լիխտենբերգերը։

Համագործակցության առաջարկներ հնչեցին թանգարանային-ցուցահանդեսային, քաղաքաշինական-ճարտարապետական, թատերական, կինոարտադրության և կինոցուցադրության, հնագիտական-զբոսաշրջային ոլորտների համար։

Նախարար Արմեն Ամիրյանը հատկապես ընդգծեց արվեստի կառավարման հայաստանցի մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը.

«Մեր խնդիրների խնդիրն է արվեստի կառավարման մասնագետների սղությունը, որոշ դեպքերում՝ բացակայությունը»։

Հնչած առաջարկներն ավելի մանրամասն կքննարկվեն կոնկրետ նախագծեր դառնալուց հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button