Սպորտ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Այսօր պաշտոնապես հաստատվել է, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը լինելու է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը: «Ես շնորհակալություն եմ հայտնում ակումբի առաջվա տերերին, ովքեր «Փյունիկում» ունեցել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Էդգար Մանուչարյանը, Վարդան Մինասյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արթուր Սողոմոնյանը:

Նա նշել է, որ ամեն ինչ անելու է, որ ակումբը լինի առաջատար դիրքերում: Ակումբի նոր սեփականատիրոջը շնորհակալություն է հայտնել «Փյունիկի» արդեն նախկին սեփականատեր Ռաֆայել Հայրապետյանը` ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդին: «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել պարոն Սողոմոնյանին, ով կարող է մեր գործը շարունակել, կասկած չունեմ, որ հաջողություները նույնպես շարունակելու են քայլել «Փյունիկի» հետ զուգագեռ, մաղթում եմ ակումբին նորանոր հաջողություններ, նոր ձեռքբերումներ»,- նշել է  Ռաֆայել Հայրապետյանը:

Ի դեպ, «Փյունիկի» նոր սեփականատերը դիտարկում է ակումբի անունը փոխելու հարցը: «Այո, ակումբի անունը փոխելու թեման մեր ուշադրության կենտրոնում է, դիտարկում ենք այդ հարցը, բայց դեռ կոնկրետ որոշում չունենք, թե ինչ անուն կլինի կամ երբ կլինի»,-ասել է Արթուր Սողոմոնյանը: Նա, սակայն, բացելով չակերտները, ասել է, որ դիտարկում են «Արագած» անունը, սակայն դա վերջնական տարբերակը չէ: Նա նաև հավելել է, որ ակումբի հետ կապված մի շարք փոփոխություններ են իրականացնելու:

Ցուցադրել ավելի
Back to top button