Գյուղացին կդառա՞ արդյոք ֆերմեր


Զարգացնել գյուղատնտեսությունը՝ գյուղացուն դարձնելով ֆերմեր, աջակցել նրան, որպեսզի հողի աշխատանքը որպես բիզնես դիտարկի: Սա Հայաստանի կառավարության որդեգրած նոր քաղաքականությունն է, ինչի մասին մարզային գրեթե բոլոր այցերի ժամանակ շեշտում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Մարզային այցերի ժամանակ, սակայն, պարզել ենք, որ գյուղացիների մեծ մասը հողը բիզնես չի դիտարկում: Ավելին, նրանց մի մասը որոշել է դրանք համայնքին վերադարձնել:
Հայաստանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները գրեթե նույնն են՝ անբարեկարգ ու քարուքանդ: Պարզվում է ՝ այստեղ նաև խնդիրներն են նույնը՝ դժգոհություններ, գործազրկություն, վարկային պարտավորություններ, խնդիրների ցանկը կարելի է երկար շարունակել ու բոլորովին էլ կապ չունի՝ Լոռո՞ւ, թե՞ Սյունիքի մարզի գյուղական համայնքներում ես:
Հատկանշական է, որ գյուղական համայնքներում վերջին շրջանում գոնե անհատ գյուղացիները հրաժարվում են հող մշակելուց, պատճառաբանությունը՝ դժվար է, չենք կարողանում մշակել։ Սրան ավելանում է նաև ֆինանսական ռեսուրսների բացակայությունը: Զրուցակիցներս երկու տարբեր մարզերի՝ Սյունիքի ու Լոռու գյուղական համայնքների բնակիչներն են:
Կառավարությունը, մասնավորապես վարչապետը, որդեգրել է գյուղացուց ֆերմեր դարձնելու քաղաքականությունը: Ընդհանրապես կառավարությունը փորձում է ողջ տրամաբանությունն ու քաղաքականությունը փոխել:
Սակայն, գյուղատնտեսության նախարարություն կատարած վերջին այցի ընթացքում պարզվեց, որ նախ այստեղ պետք է մտածողությունը փոխել: Նկատենք նաև՝ համայնքապետերի մեծ մասը «Ռադիոլուրի» զրույցում նշում էր, որ գյուղացիները հողերը համայնքին են վերադարձնում: