Ազնավուրը Հայաստանում հայտարարել է Ազնավուր հիմնադրամի ստեղծման մասին (լուսանկարներ)


Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավորը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ այսօր հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Հիմնադրամի գործունեությունը միտված է լինելու մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությանը: Այն նաեւ մշակելու եւ իրագործելու է ուսումնական եւ սոցիալական ծրագրեր: Երեւանում այսօր հանդիսավոր արարողությամբ Ազնավուրի տուն-թանգարանի բանալիները հանձնվել են «Ազնավուր» հիմնադրամին: «Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքներն իրականացնելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված»,-հայտարարլ է աշխարհահռչակ շանսոնյեն՝ բանալիների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երեւանի կասկադում՝ Շառլ Ազնավուրի կեցավայրի, այժմ արդեն՝ նաեւ նրա տուն-թանգարանի դիմաց կազմակերպված տոնական արարողությամբ մեկնարկեց «Ազնավուր» հիմնադրամի գործունեությունը:
Ազնավուրի տուն-թանգարանի խորհրդանշական բանալին պարունակող տուփը բացվեց շանսոնյեի երգով: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այն հանձնեց «Ազնավուր» հիմնադրամին:
Երեւանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումը «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծն էր: Նման թանգարանի առկայությունը մայրաքաղաքում պատիվ է բոլորիս համար: Այս տուն-թանգարանը հարստացնում է Երեւանը, նոր լիցք հաղորդում մեր մշակութային կյանքին՝ իր խոսքում համոզմունք հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիմնադրամի ծրագրերի մշակումն ու իրագործումը կվարի շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրն անձամբ: Այս մասին տեղեկացրեց հիմնադրամի գլխավոր Տնօրեն Քրիստինա Սարկիսյանը: Լրագրողների հետ զրույցում նա նաեւ հայտնեց, որ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը երեւանյան թանգարանին են նվիրաբերել այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգությունը:
«Առաջին թանգարանն է աշխարհում, որտեղ հերոսն ինքը անձամբ է պատմելու իր մասին՝ աուդիոգիդի շնորհիվ, որի տեքստերն ու աուդիոձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են: Այնտեղ կլինեն նաեւ շատ այլ նորություններ, որոնք ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում դեռ արված չեն, բայց այդ մասին չեմ խոսի, որպեսզի գաղտնիքը պահպանեմ»:
Միկրոֆոնին մոտեցավ նաեւ աշխարհահռչակ շանսոնյեն՝ անկեղծանալով.
«Երբ միկրոֆոնը մոտեցնում եմ բերանիս, հայերենս մոռանում եմ, ֆրանսերեն պիտի խոսեմ»:
Այս որոշումը կայացրել եմ մեծագույն հանգստությամբ ու վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրագործված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերակառուցումը եւ նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ ասաց Շառլ Ազնավուրը՝ ազդարարելով իր հերթական հայրանանվեր գործի սկիզբը:
«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին: Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական աշխատանքը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաեւ թանգարան ստեղծել Շառլ ազնավուրի երեւանյան կեցավայրում: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը եւ կհետաքրքրի ակցելուների աշխարհի բոլոր կողմերից»:
Շանսոնյեն նաեւ կարծիք հայտնեց, որ ոչ միայն իր, այլեւ աշխարհասփյուռ հայության գործերը պիտի բերվեն, թարգմանվեն եւ լինեն այստեղ՝ Հայաստանում, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը կապվեն նաեւ այդ կերպ:
Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որ հայ երիտասարներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքներն իրականացնելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված՝ իր խոսքը եզրափակեց աշխարհառչակ շանսոնյեն: