Հակահարված՝ Ադրբեջանի հայատյաց քարոզչությանը


Հայկական կողմը ադրբեջանական խեղաթյուրված քարոզչության քաղաքականությանը հակազդելու նպատակով կայքերի միջոցով միջազգային հանրությանն է ներկայացնում տեղեկություն, թե ովքեր են իրականում այն մարդիկ, որոնց Ադրբեջանը ազգային հարստություն է համարում: Իսկ տպագրված , ամսագրերի միջոցով էլ, ցույց է տրվում, թե ինչպես են փոքր տարիքից երեխաների մոտ հայատյացություն սերմանում:
Գաղտնիք չէ, որ մեր հակառակորդն իր երկրում ակտիվ կերպով հայատյացության քարոզ է ծավալում։ Առավել ցավալի է, որ մանկահասակ երեխաների ու դպրոցականների շրջանում հեքիաթի տեսքով են կերակրում այդ թույնը՝ հային ներկայացնելով իբրև չար ու նենգ, որն սպանում ու ավիրում է: ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ իրականությունը վեր հանելուն միտված մի շարք ծրագրեր են իրականացվում:
Այսօր լրագրողներին ներկայացվեց «Azerbaijan: childhood in hate» անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Դրանք արտացոլում են ադրբեջանցի երիտասարդ սերնդին հայատյացություն սերմանող քաղաքականությունը: Ամսագրում ներառված են հեքիաթներ, մանկական բանաստեղծություններ, խաղեր և մանկական, այսպես կոչված, արվեստի այլ նմուշներ, որոնցում չար և բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը:
Նախագիծը ներկայացնող քաղաքական գիտությունների թեկնածու Անժելա Էլիբեգովան նշեց, որ Բաքվում խրախուսանքի են արժանանում հայատյացության թեմայով ստեղծագործող երեխաները, և հայկական կողմը պետք է ի ցույց դնի այս պատկերը.
«Այն կներկայացվի օրինակ ԵԽԽՎ պատվիարակներին»:
Սոցիոլոգ, «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանն էլ պատմեց երկլեզու caviar-diplomacy.net կայքի մասին, որը նվիրված է Ադրբեջանի վարած «խավիարային դիվանագիտության» քաղաքականությանը: Այն ավելի շատ գործում է Եվրոպայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներյում, Ռուսաստանում:
«Խավիարային դիվանագիտության» կողմնակիցներ են օրենսդիրները, սակայն քիչ չեն նաև բացահայտումներն ու ձախողումներն այդ հարցում: Վերջերս հայերի շրջանում մեծ աղմուկ առաջացրեց ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնելու փաստը: Սակայն բոլորը պետք է իմանան, թե ով է իրականում այդ մարդը, թե ինչպես է առանձնահատուկ կերպով աչքի ընկել իր հայատյաց քաղաքականությամբ:
«Հուսով ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում հաշվի կառնեն դա»:
Կայքում և ամսագրերում անշուշտ կզետեղվեն նաև շատ հայտնի հայերի անուններ, ովքեր Ադրբեջանում տարիներ շարունակ լուրջ գործունեություն են ծավալել ու ներկայացվել են իբրև Ադրբեջանի ազգային հարստություններ: Օրինակ՝ նրանք նյարդային են ընդունում, որ իրենց առաջին ժողովրդական գրողը հայ է եղել՝ Ալեքսանդր Շիրվանզադեն, որ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը հայ էր՝ Լևոն Միրզոյանը և այլք: