Քաղաքական

Արցախյան թեման՝ ՆԱՏՕ-ի թբիլիսյան նստաշրջանում. հայ պատվիրակները ստպված էին բացատրել խնդրի բուն էությունը


ԱԺ պատվիրակությունները միջազգային խորհրդարանական կազմակերպություններում դեռ ձեւավորված չեն, բայց ելնելով ՆԱՏՕ-ի ԽՎ-ի կարեւորությունից խորհրդարանի ղեկավարությունը որոշել էր մեր պատվիրակներին այնուամենայնիվ գործուղել այդ աշխատանքներին, ճիշտ է՝ հին կազմով: Այս անգամ ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային նստաշրջանն անցել է Թբիլիսիում, որտեղ էլ ընդունվել է հռչակագիր մեր հարեւան պետության անշեղորեն ընթացքը դեպի եվրատլանտյան դաշինք: Այս կառույցի անդամ պետությունների ներկայացուցիչներն այս անգամ էլ են ականատես եղել հայ-ադրբեջանական «բախումների», որոնք հրահրվել են Ադրբեջանի կողմից:

 

Հայաստանի կողմից «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգերի ու Ռուսաստանից անվճար սպառազինության ձեռք բերումը խիստ անհանգստացնում է Ադրբեջանին:  Այդ պետության ներկայացուցիչները փորձել են հարցը քննարկման առարկա դարձնել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում՝ հակառակ փաստերին, որ այսօր հենց Ադրբեջանն է վերածվել Եվրոպայում սպառազինություններ ներկրող ամենախոշոր երկրներից մեկը, ինչը փաստացի լրջագույն մարտահրավեր եւ սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաեւ միաջազգային հանրության համար:

Հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի ներկայացմամբ՝ սա միակ հարցը չէր, որ հայկական պատվիրակությունը ստիպված է եղել պարզաբանել ՆԱՏՕ-ի ԽՎ-ում: Այստեղ հարկ է հիշել պարզապես մեկ տարեթիվ՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները սկսվել են դեռեւս 1992 թվականից: Բայց առայսօր այդ կառույցի անդամների համար դեռեւս շատ չպարզաբանված հարցեր կան եւ թյուր պատկերացումներ Հայաստանի հետ կապված: Դա է պատճառը, որ Հայաստանը նմանատիպ կառույցներում մշտապես մեր հարեւանների մեղադրանքներին պատասխանողի դերում է հանդես գալիս: Թեպետ այս պնդումը չեն ընդունում անգամ պատվիրակությունների անդամ հանդիսացող ընդդիմադիր գործիչները: Օրինակ՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:

Բայց եւ հակառակ այս պնդմանը Էդմոն Մարուքյանն օրեր առաջ ստիպված էր նույն կառույցում ներկայացնել ղարաբաղյան հակամարտության էությունը՝ ակունքներից մինչեւ տարբերություն մյուս հետխորհրդային տարածքների հակամարտություններից:

Ի դեպ, Վրաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերային հարաբերությունները սկսվել են Հայաստանի պես՝ 1992-ին: Բայց օրեր առաջ արդեն ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ընդունվեց «Աջակցություն Վրաստանի եվրատլանտյան ինտեգրմանը» հռչակագիրը: Սա փաստում է, որ մեր հարեւան երկիրն անշեղորեն գնում է դեպի այդ դաշինքը եւ այդ ճանապարհին նաեւ որոշակի զիջումներ է անում իր այն սկզբունքներից, որոնք կապված էին տարածքային խնդիրների հետ: Այս շեշտադրումը հատուկ է առանձնացնում Կորյուն Նահապետյանը:

Մեր մյուս հարեւանների՝ Թուրքիայի հետ կապված ՆԱՏՕ-ի ԽՎ-ը նույնպես որոշում ընդունեց եւ ավելացրեց այդ պետության պատվիրակների թվաքանակը կառույցում՝ 12-ից հասցնելով 18-ի: Որոշմանը դեմ էր միայն Ֆրանսիան, բարձրաձայնելով այդ պետությունում մարդու իրավունքների ոտնահարումների, ներքաղաքական իրավիճակի մասին, բայց դա որոշիչ նշանակություն չունեցավ կողմ քվեարկողների համար:

Back to top button