Ակցիա Վրաստանի կառավարության շենքի մոտ` ի պաշտպանություն ադրբեջանցի լրագրողի


հրապարակված 12.58-ին
լրացված 17.11-ին
«Ամոթ Վրաստան, ուր է ժողովրդավարությունը». այս և այլ կարգախոսներով բողոքի ակցիա է անցկացվել Վրաստանի կառավարության շենքի մոտ ի համերաշխություն Թբիլիսիում առևանգված և առանց անձնագրի Բաքվում հայտնված ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլեյի, վերջինս, որ հայտնի է Ադրբեջանի նախագահի դեմ քննադատական հոդվածներով, անցյալ տարի ճնշումների արդյունքում ստիպված է հաստատվել Թբիլիսիում, Վրաստանն Ադրբեջանին ուղիղ պետք է ասի, որ մենք գործընկեր չենք մարդու իրավունքները ոտնահարելու հարցում«,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Վրաստանի նախագահականի ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի մասին քննադատական հոդվածներով հայտնի լրագրող Աֆգան Մուխթարլեն Թբիլիսիում մայիսի 29-ի երեկոյան անհետացել է։ Այսօր նա արդեն Բաքվում է՝ հավաստիացնում են փաստաբաններն ու նրա կինը՝ Լեյլա Մուսթաֆաևան։ Վերջինս մեզ հետ զրույցում, ցույց տալով ամուսնու անձնագիրը, նշեց. «Ինձ հետաքրքիր է՝ ինչպես են Վրաստանի սահմանապահները նրան թույլատրել առանց անձնագրի հատել սահմանը, ես ուզում եմ Վրաստանի կառավարությանն ասել ամոթ, որովհետև նրանք այսպիսով սահմանափակում են ազատ խոսքը»։Աֆգան Մուխթարլեն և նրա կինը անցյալ տարի Ադրբեջանում, իրենց վրա զգալով ճնշումները, որոշեցին տեղափոխվել Թբիլիսի, այստեղ սակայն նրանք չդադարեցին քննադատություններն Ալիևի ռեժիմի նկատմամբ։ «Աշուշտ, այս ամենը կապ ունի նրա հոդվածների ու ֆեյսբուքյան քննադատական գրառումների հետ, նա բացահայտել է Վրաստանում Ալիևների ունեցած բիզնեսը՝ ռեստորաններ, հյուրանոցներ, բանկեր և այլն»։
Պաշտոնական Թբիլիսին դեռևս չի արձագանքել տեղի ունեցածին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում երկրի նախագահի համաներման հարցերով հանձնաժողովի ղեկավար Զվիաթ Քորիձեն սակայն ասաց, որ տեղի ունեցածի պատասխանատվությունն ամեն դեպքում կրում է Վրաստանի կառավարությունը։ «Ես չգիտեմ, Վրաստանի իրավապահները մասնակցե՞լ են այդ ամենին, թե՞ աչք են փակել դրա վրա, բայց կարծում եմ, պատասխանատվությունն ամեն դեպքում կառավարության վրա է»։
Նա ասում է, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում հալածվող քաղաքացիները պետք է այստեղ իրենց պաշտպանված զգան։ Վերջին 26 տարիների Վրաստանի ամենամեծ ձեռքբերումը դա մարդու իրավունքների պաշտպանությունն է, որը պետք է պահպանել։ «Վրաստանը պետք է ուղիղ ասի՝ մենք ռազմավարական գործընկերներ ենք, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքային նախագծերում, բայց ոչ մարդու իրավունքները ոտնահարելու գործում»։
Human Rigths Watch- ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գեորգի Կոկիան նշում է՝ այն, ինչ տեղի է ունեցել երեկ, անընդունելի է։ «Վրաստանի կառավարությունը պետք է հետաքննի տեղի ունեցածը՝ ասելով՝ իրավապահներն արդյո՞ք մասնակցություն են ունեցել այդ ամենին»։
Ադրբեջանից ստիպված հեռացել և այսօր Վրաստանում հաստատվել են մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ։ Նրանցից իրավապաշտպան Վիդադի Իսկենդերդին այսօր ադրբեջանցի միակ վտարանդին է, որ Վրաստանում ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ «Գիտեք ինչ դժվար իրավիճակում է Վրաստանը, մի կողմից Ալիևը նրան շանտաժի է ենթարկում գազով ու նավթով, տնտեսական բլոկադայով, մյուս կողմից արևմտյան երկրները պահանջում են ժողովրդավարություն»։
Ասում է, 50 տարի պայքարում են Ալիևների դեմ, սակայն գալով Վրաստան, տեսնում են Ադրբեջանի նախկին նախագահ, ինչպես նշում է, բռնապետ Հեյդար Ալիևի արձանը։ «Որքան հերոսներ ունի Վրաստանը, որ կարող էր Ալիևի արձանի փոխարեն տեղադրել նրանցը։ Ալիևը ի՞նչ է, նրանցից լավն է»։
Մեկ այլ իրավապաշտպան՝ Դաշքին Աղարլարլին, եթե մոտ օրերս չհեռանա Վրաստանից՝ կարտաքսեն Ադրբեջան, որտեղ ձերբակալություն է սպասվում։ «Վերջին վեց ամիսներին ես այստեղ կարծես բանտում լինեմ, ինձ հետևում են, չեմ կարող կանգնել ու հարցնել՝ ովքե՞ր եք դուք»։
Ադրբեջանցի լրագրողի Թբիլիսիից առեղծվածային անհետացման և Բաքվում հայտնվելու մասին, եւ ոչ միայն, զրուցել ենք Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
Ի վերջո՝ Աֆգան Մուխթարլեին Վրաստա՞նն է լռելյայն արտահանձնել, թե՞ Թբիլիսիի թողտվությամբ Բաքվի հատուկ ծառայությունները հատուկ գործողություն են իրականացրել հարևան պետությունում և առևանգել լրագրողին։ Նախ մեր այս հարցին փորձագետի պատասխանը լսենք։
-Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունները հայտարարություն են արել, որ հետաքննություն է տեղի ունենում և, ըստ օրինապահ մարմինների, արդեն իրենք կգան ինչ որ մի եզրակացության, թե ինչ է տեղի ունեցել։ Այս պահի դրությամբ հայտարարվում է, որ ինքը, այսպես կոչված, կանաչ գոտում է անցել սահմանը ապօրինի և գրպանում ունեցել է տաս հազար եվրո և դրա պատճառով ձերբակալվել է և այսօրվա դրությամբ գտնվում է բանտարկման մեջ՝ ինչի հետ չեն համաձայնվում ոչ բարեկամները, ոչ կոլեգաները իր և հասարակական կազմակերպությունները։ Ասեմ, որ արդեն 12 ժամվա ընթացքում Human Rigths Watch- ը, Amnesty international- ը և նույնիսկ Վրաստանի օմբուդսմենը հայտարարություններ են տարածել, որտեղ անհանգստություն են հայտնել այս իրավիճակի հետ կապված և, իմ կարծիքով, դեռևս վաղ է խոսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց փաստը նրանում է, որ այդ անձը իրեն ընկերոջ հետ հանդիպելուց հետո երեկ չէ առաջին օրը կորել է և դրանից մի քանի ժամ հետո հայտարարություն է արդեն եղել, որ ինքը գտնվում է Բաքվում։ Ո՞նց կարելի է կորել Թիֆլիսում և հայտնվել Բաքվում, եթե նույնիսկ անձնագիրը այդ անձի հետ չէ, արդեն բավականին լուրջ հարցեր են բարձրանում, ո՞նց են հատուկ ծառայությունները Ադրբեջանի կարողացել այդ ամենը իրականացնել, Վրաստանի իշխանությունները աջակցե՞լ են, տեղյա՞կ են եղել, բայց չեն աջակցել, ի՞նչ ձևերով է այդ ամենը իրականացվել։ Հարցը նրանում է, որ ինչ էլ լինի, այս ամենը հարված է այսօրվա իշխանությունների նկատմամբ, քանի որ օրեր առաջ ՆԱՏՕ-ի պառլամենտական հավաք էր Թիֆլիսում, որտեղ բոլորը խոսում էին Վրաստանի ժողովրդավարության ուղու առաջընթացի մասին և այս ամենը իմիջային խնդիրներ կարող է ստեղծել Թիֆլիսի համար, քանի որ այսօրվա դրությամբ կան խնդիրներ Թուրքիայի քաղաքացիների հետ։ Անկարան պահանջում է այսպես կոչված գյուլենիստներին և Բաքուն ևս իրենք քաղաքացիներին է փորձում վերադարձնի և իրենց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։
— Հիմա ստեղծված իրավիճակը մի փոքր փորձենք դիտարկել մեզ առնչվող ասպեկտով, կարո՞ղ է արդյոք, ըստ ձեզ, Հայաստանի քաղաքացին իրեն ապահով զգալ Վրաստանում, չէ՞ որ նույն հաջողությամբ կամ տրամաբանությամբ, այսպես ասենք, Ալիևի վարչակարգին անցանկալի ցանկացած հայ կամ հայաստանցի կարող է նույն ճակատագրին արժանանալ։ Կա՞ նման վտանգ՝ ձեր դիտարկումներով։
— Իմ կարծիքով վտանգ դեռևս չկա։ Այդ դինամիկան զուտ վերաբերվում է երևի թե այն անձանց, ովքեր մի մասը ժողովրդի համարում է, որ իրենք դավաճաններ են, քանի որ Բաքվից փախել են և բնակվելով Թիֆլիսում, ադրբեջանական քայլեր են ձեռնարկում և դրա համար իրենք պետք է վերադարձվեն և դատապարտվեն, մյուս կողմից, եթե խոսում ենք մարդու իրավունքներից, արդեն այստեղ այլ բան է ստացվում, այսօրվա դրությամբ, եթե Ադրբեջանի «սև ցուցակներից» խոսենք, չեմ կարծում, որ այս քայլերից հետո և այս աղմուկը, որը կամաց-կամաց բարձրանում է Թիֆլիսում, թույլ կտա Բաքվին ավելի ամրապնդել իր դիրքերը և այսպիսի հարցեր հօգուտ իրենց լուծել, դրանից ելնելով, երևի թե կարելի է ասել, որ դեռ վաղ է խոսել, որ այդ «սև ցուցակի» մարդկանց կարող են իրենք պահանջեն և Թիֆլիսից թեկուզ փախցնեն, տանեն Բաքու, քանի որ չեմ պատկերացնում՝ ինչ արձագանքներ և ինչի կբերի և Թիֆլիսը պաշտոնական ինչ իմիջային կորուստներ կարող է այդ պարագայում ունենալ։ Դրանից ելնելով երևի թե այս իրադարձության զարգացումից շատ բան է կախված։ Ինչպես են իշխանությունները այս հարցը բացատրելու իրենց բնակչությանը, հասարակական կազմակերպություններին, որոնք արդեն բավականին լուրջ ակտիվ աշխատում են և արդեն ժամեր առաջ բողոքի ցույց էր կառավարության շենքի առաջ և լրագրողները և հասարակական ակտիվիստները պահանջում էին իշխանություններից բացատրություն և պահանջում էին, որ այդ լրագրողի հետ պատահած միջադեպը քննվի և որոշ մեղադրյալներ դատապարտվեն։
-Եվս մեկ հարցի շուրջ էլ կցանկանայինք իմանալ ձեր տեսակետը։ Վրաստանը տարածաշրջանում արդեն տարիներ շարունակ ներկայանում է որպես երկիր, որն ուղղություն է վերցրել արևմտյան արժեքներ։ Մի՞թե պարադոքս չէ, որ Եվրոպային արժեքներով մոտ այս պետությունում Ալիևի ռեժիմը կարողանում է ստանալ կամ առևանգել, դեռևս հայտնի չէ, իրեն դուր չեկած որևէ անձի։
— Պարադոքս գոյություն ունի, քանի որ մի կողմից Թիֆլիսը պաշտոնապես հայտարարում է, որ շարունակելու է եվրաինտեգրման, եվրատլանտյան ուղին, մյուս կողմից փորձ է արվում տարածաշրջանային նոր ֆորմատ ձևավորել է, բայց զարգացումը Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, որը ռազմաքաղաքական այդ ուղով իրենք փորձում են խորացնել, այստեղ մենք երևի պետք է հասկանանք, որ տնտեսապես Թուրքիան և Ադրբեջանը շատ կարևոր են Վրաստանի համար, քանի որ ներդրումը, առևտուրը այդ երկրների միջև բավականին աշխուժացնում է Վրաստանի տնտեսությունը։ Դրանից ելնելով՝ էներգաշուկան վրացական, հիմնականում եթե գազային ոլորտն ենք մենք նայում, մոնոպոլիան ադրբեջանական շուկայի ձեռքերում է և այդ ամենը թույլ է տալիս հարևան երկրներին՝ Թուրքիային և Ադրբեջանին ունենալ ազդեցության լծակներ, որոնք ժամանակ առ ժամանակ կիրառվում են Վրաստանի նկատմամբ, չնայած որ Թիֆլիսը փորձում է այդ ամենը ցույց չտալ, բայց այս վերջին դեպքերից հետո երևի հասարակական կազմակերպությունները բարձրաձայնելով այս խնդիրները, կարող են ինչ- որ մի արդյունքի գան, շատ կարևորը գիտե՞ք որն է, որ Միացյալ ազգային շարժումը, որը բաց չի թողնում որևէ վրիպում իշխանությունների և քննադատում է պարբերաբար իշխանություններին, այս պարագայում ոչ մի կոշտ հայտարարություն չի արել, ինչը ցույց է տալիս, որ մենք փորձագետներս, երբ որ հայտարարում էինք, որ Վրաստանի նախկին իշխանությունները՝ հանձինս Միխայիլ Սահակաշվիլու, շատ լավ հարաբերություններ է ունեցել Բաքվի հետ։ Այս ամենը շարունակվում է և նույնիսկ այս լավ հնարավորությունը քննադատության իրենք չեն օգտագործում, քանի որ կարող են փչացնել հարաբերությունները Բաքվի հետ, ինչը ցույց է տալիս, որ նույնիսկ ընդդիմադիր այդ քաղաքական ուժը զերծ է մնում այսպիսի ակտիվ քննադատությունից իշխանություններին։