

լրացված 18.05-ին
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Հայաստան եւ Արցախ, այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Չգիտեմ, արդյոք Բաքուն պատրաստ կլինի ընդունել նրանց, բայց համանախագահների այցը Երեւան եւ Ստեփանակերտ սպասվում է առաջիկա 10 օրերին»,- ասել է արտաքին գերատեսչության ղեկավարը։
ԵԱՀԿ ՄԽ-ը հրադադարի ռեժիմի խախտումների մասին վերջերս հասցեական հայտարարություն տարածեց՝ հստակ ընդգծելով, որ զինադադարը խախտում է Ադրբեջանը: Փորձագետներն այդ հայտարարությունն աննախադեպ որակեցին՝ շեշտելով, որ առաջին անգամ միջնորդները մատնացույց են անում Բաքվին:
Ի՞նչ կփոխի այդ հասցեական հայտարարությունը ղարաբաղյան խնդրում, արդյո՞ք այն զսպող դեր կունենա Բաքվի համար: Այս առումով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի ճշտում արեց: ՄԽ-ը բազմիցս է հասցեական հայտարարություններ արել, նա բավարար համարեց հիշեցնել հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին միջնորդների հայտարարությունը, խնդիրն այլ ձևաչափեր տեղափոխելու մասին կոչերի անտեղի լինելու մասին հորդորները: Եվ, ըստ նախարարի, անկհայտ էր, թե ում էին ուղղված այդ հայտարարությունները, սակայն պաշտոնական Բաքուն անդրդվելի է:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ 10 օրից տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները: Գուցե փորձեն նախապատրաստել երկու երկրների արտգործնախարարների հանդիպում, ինչից հետո էլ արդեն հնարավոր կլինի խոսել նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին՝ ասաց: Նախարարը նաև հստակեցրեց, որ հայկական կողմը միշտ էլ կողմ է հանդիպումների կազմակերպմանը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին էլ ուղղված հարցերը բնականաբար տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին գրասենյակի փակման թեմայով էին: Կազմակերպությունը կոնսենսուսով է աշխատում և որևէ երկրի չեն մեղադրում իր դիրքորոշման համար՝ ասաց, սակայն, իր անձնական կարծիքը հայտելով, Զանիերին նշեց, որ՝ «Ցավում եմ, որ Բաքվի վետոյի պատճառով փակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:Մենք Հայաստանի հետ կփորձենք ծրագրերի իրականացման ու համագործակցության այլ ճանապարհներ գտնել»:
Պետք է այնպես անել, որ ծրագրերը շարունակվեն՝ ասաց Լամբերտո Զանիերին: Նա, ի դեպ, ավարտում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր մանդատը և որպես կազմակերպության ղեկավար վերջին անգամ է Հայաստանում։ Ինչպես նշեց, եկել էԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցների հետ խոսելու և ավարտելու գրասենյակի գործունեությունը: