Հասարակություն

Սկսվում է 2018թ «Ավրորա»-ի թեկնածուների առաջադրման փուլը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սկսում է 2018 թ. «Ավրորա» մրցանակի թեկնածուների առաջադրման փուլը:
Մեկնարկել է 2018 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը համաշխարհային մրցանակ է, որը տրվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Մրցանակը փնտրում է այնպիսի անձնվեր անհատների պատմություններ, ովքեր այլոց փրկության համար մեծ ռիսկերի գնով բացառիկ խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն են ցուցաբերել։
Յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել այն թեկնածուին, որը, ըստ առաջադրողի, իր կյանքին, առողջությանը, ազատությանը եւ բարօրությանը սպառնացող մեծ ռիսկերի գնով բացառիկ ազդեցություն է թողել մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական հիմնախնդիրների առաջխաղացման գործում։ Մրցանակի չափանիշներին եւ ընտրական գործընթացին նկարագրությանը կարելի է ծանոթանալ https://auroraprize.com/en/prize/detail/nominatenow բաժնում։ 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի 2017թ. սեպտեմբերի 8-ին։
Առաջադրումների փուլի բացումն անմիջապես հետեւում է մայիսի 28-ին Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բժիշկ Թոմ Քաթինան դարձավ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր։ Մրցանակը նրան հանձնեց հռչակավոր պոետ, երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրը, իսկ արարողությանը ներկա էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի մի շարք անվանի անդամներ, այդ թվում՝ Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն եւ Նյու Յորքի «Կարնեգի» կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը ասաց. «Մրցանակը ստեղծելիս մեր նպատակն էր ձեւավորել մի շարժում, որը ճանաչման կարժանացնի այն անձնվեր մարդկանց գործունեությունը, որոնք աշխարհով մեկ կյանք եւ հույս են պարգեւում օգնության հրատապ կարիք ունեցողներին։ Մեր նպատակն էր նաեւ սկիզբ դնել նվիրատվության մի շղթայի, որը փրկվածներին կվերածի փրկիչների։ Վերջին երկու տարում մենք ստացել ենք ավելի քան 700 առաջադրում, որոնք բոլորը ճանաչման են արժանացնում մոլորակի տարբեր անկյուններում կատարվող մարդասիրական գործունեությունը։ Այժմ, սկսելով 2018թ. դափնեկրի որոնումները, մենք լիահույս ենք, որ կբացահայտենք եւ ճանաչման կարժանացնենք երախտագիտությունը գործի վերածող խոհուն մարդկանց տոկունության եւ խիզախության այլ բացառիկ պատմություններ»։
«Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի կշնորհվի 100,000 դոլարի պարգեւ, ինչպես նաեւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։
2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան մեկ միլիոն դոլորի պարգեւի է առաջադրել Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ  (AMHF, ԱՄՆ), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB, ԱՄՆ) եւ Aktion Canchanabury (Գերմանիա) կազմակերպություններին:
Թոմ Քաթինան ասել է. ««Ավրորա» մրցանակի միջոցով ես հնարավորություն ունեմ աշխարհի ուշադրությունը գրավելու պատերազմի, սովի ու պարենային ճգնաժամի վրա, որը մինչ օրս շարունակվում է Սուդանի լեռներում։ Հույս ունեմ, որ լույս կսփռեմ այնտեղի հակամարտության վրա եւ ցույց կտամ այն դրական ազդեցությունը, որը մենք կարող ենք թողնել գործով»։
Խոսելով իր գործունեության վրա «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցության մասին՝ 2016թ «Ավրորա» մրցանակի. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ասել է. ««Ավրորա» մրցանակը շատերի կյանքն է վերականգնել, եւ Բուրունդիի ժողովրդին վերադարձրել է հույսն ու արժանապատվությունը, ցույց տվել, թե ինչպես կարող ենք բոլորս միանալ իբրեւ մեկ մարդկություն եւ կառուցել ավելի լուսավոր ապագա։ Մրցանակի դրամաշնորհի օգնությամբ՝ երեխաներն ու երիտասարդները ձեռք են բերել միակ զենքը, որը նրանց պետք է աշխարհը փոխելու համար՝ կրթություն ու սեր, քանի որ մարդկանց կրթելով է, որ միասին կարող ենք առաջ գնալ ու ապագայի նոր տեսլական կառուցել մարդկանց համար»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության «Ավրորա» մրցանակը ստեղծվել է 2015թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, եւ շնորհվելու է 2015-ից մինչեւ 2023 թվականները՝ ի հիշատակ 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության ութ տարիների։
Back to top button