Քաղաքական

Վաղը մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը


Վաղը կառավարության առաջարկով եւ նախաձեռնությամբ մեկնարկում է ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգային 5 հարցով: Կարեւորագույն հարցերից մեկը թերեւս կառավարության կառուցվածքին առնչվող օրենքում առաջարկվող փոփոխությունն է: Հիշեցնենք, որ կառավարությունը դեռեւս մինչեւ վերջ ձեւավորված չէ, հետեւաբար՝ դեռ վաղ է խոսել կառավարության նոր ծրագրի քննարկման մասին:

 

18-ից ավելի՞, թե՞՝ պակաս. կառավարության կազմում գործող նախարարությունների թիվը երբեք հաստատուն չի եղել: Տարիներ շարունակ նախարարությունները ավելացել են ու պակասել՝ կախված տվյալ պահին քաղաքական նպատակահարմարությունից եւ կոալիցիոն պայմանավորվածություններից:

Այսօր կրկին կառավարության կառուցվածքը փոխվում է եւ այդ հարցով վաղը խորհրդարան է գալու գործադիր մարմինը: Կառավարությունն առաջարկում է, որ իր կառուցվածքում այլեւս տեղ չգտնի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնը եւ այն քաղաքականից վերածվի հայեցողական պաշտոնի: Սա արվում է մի քանի նպատակով՝ ասում է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Ի դեպ՝ հեռավոր 1997 թվականին էր, որ փոխնախարարի պաշտոնով արդարադատության նախարարություն մուտք գործեց երիտասարդ մասնագետ Դավիթ Հարությունյանը: Մեկ տարի անց նա արդեն այդ կառույցի «ամենավերեւում էր»: 10 տարի նախարար աշխատելուց հետո, տեղափոխվեց այլ պաշտոնների եւ ահա հիմա նորից վերադարձավ նույն՝ արդարադատության նախարարի աթոռին:

Հենց նա էր մինչ վերջին պահը զբաղեցնում այն նախարարի պաշտոնը, որն այժմ լուծարվում է։ Խորհրդարանական ընտրություններից հետո նոր ձեւավորվող կառավարության կազմում նախարարներին եւ նրանց աշխատանքին հանրությունը ծանոթ է:

Մի մասը հասցրել է պաշտոնավարել 8 ամիս, բայց կառավարության կազմում ամենահնաբնակը թերեւս Հրանուշ Հակոբյանն է՝ առաջին պաշտոնը գործադիրում նա ստացել է դեռեւս 1996 թվականին: Հատկանշական է, որ այս նոր կառավարության կազմը նույնպես վերջնական չէ:

Կարգի համաձայն՝ կառավարության ձեւավորումից առավելագույնը 20 օր հետո քննարկման է ներկայացվելու կառավարության ծրագիրը: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանի հին կառավարությունը համեմատաբար նոր էր՝ անցյալ տարի էր ձեւավորվել, այժմ էլ այն փորձելու է ապահովել իր հին ծրագրերի շարունակականությունը: Արդեն բազմաթիվ կառավարություններ փոխած ՀՀ քաղաքացիները, սակայն, այլեւս չեն ոգեւորվում նշանակումներից՝ մարդիկ գերադասում են տեսնել արդյունքը:

Ժողովրդականությանն ուղղված առաջին քայլերը թերեւս փորձում է անել նորընտիր ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Մի քանի օր է, ինչ ասեկոսեներ են տարածվում, թե օրենսդիր մարմնի աշխատակազմում լուրջ կադրային ջարդ է նախատեսվում: Վերջին ձեւակերպման հետ Բաբլոյանը համաձայն չէ, բայց սպասվող փոփոխությունները հաստատում է:

Դեռ վաղվա արտահերթ աշխատանքները չսկսած արդեն հայտնի է, որ նորընտիր պատգամավորներն արտահերթ կարգով կաշխատեն նաեւ հունիսին: Արդեն հունիսի 8-ի համար նույնպես նշանակված է արտահերթ նիստ՝ օրակարգային 14 հարցով: Այստեղ առաջնայինը  թերեւս կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծման հարցն է:

Back to top button