Հասարակություն

Նախարարը ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը մայիսի 29-ին ընդունեց հայկական երկաթուղու հավատարմագրային
կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին
փոխնախագահ Ալեքսանդր Միշարինին և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ
ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյին:

Նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը
պատրաստ է լսել ընկերության բոլոր առաջարկությունները և աջակցություն
ցուցաբերել ցանկացած հարցի շուրջ:

Ալեքսանդր Միշարինն իր հերթին նշեց, որ գնահատում է նախարարության և
«Հարավկովկասյան երկաթուղու» միջև ձևավորված ամուր գործընկերային կապը:

Անդրադառնալով ուղևորափոխադրումներին` Վահան Մարտիրոսյանը հատուկ ընդգծեց
սպասարկման որակի բարձրացման կարևորությունը` նշելով, որ խոսքը ոչ միայն
վագոնների թարմացման, այլև փոխադրման արագությունը մեծացնելու, նոր
տեխնոլոգիաներ ներդնելու մասին է:

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲ ընկերության առաջին փոխնախագահը ասաց, որ
ընկերության աշխատանքի նոր ռազմավարության մշակման ընթացքում նախատեսում են
ավելի մեծ ուշադրություն դարձնել ուղևորափոխադրմանը: Ըստ նրա՝ իրենց համար
ևս ուղևորների սպասարկման որակի բարձրացումն առաջնահերթ է:

Ալեքսանդր Միշարինը հայտնեց, որ ընկերությունը քննարկում է շարժակազմը 2
նոր էլէկտրագնացքով համալրելու հնարավորությունը:

Նա  նախարարին ներկայացրեց ընկերության` նախորդ տարվա աշխատանքներն ու
ներդրումային ծրագիրը, ամփոփեց այս տարվա առաջին եռամսյակի ծրագրերը: Ա.
Միշարինը կարևորեց նախկինում հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն
ուղղված ներդրումները` վստահություն հայտնելով, որ այդ աշխատանքը կլինի
շարունակական:

Նախարարը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղու» գործուն
մասնակցությամբ իրականացվող մուլտիմոդալ բեռնափոխադրման պիլոտային ծրագրի
հաջող մեկնարկին, ներկայացրեց ձեռք բերված հաջողությունները և հույս
հայտնեց, որ մինչև տարեվերջ զգալի ծավալային աճ կգրանցվի:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ներկայում
ամենուր երկաթուղով բեռնափոխադրումների աճի մեծ միտում կա, և կարծում է, որ
այդ առումով Հայաստանի` որպես տարանցիկ երկրի, պոտենցիալը շատ բարձր է:

Ցուցադրել ավելի
Back to top button