Գլխավոր շտաբի պետը բացահայտում է ԶՈւ կադրային փոփոխությունների պատճառները


Մովսես Հակոբյանի խոսքով՝ ՊԲ նշյալ որոշումը չի ենթադրում, թե զինծառայողների վիրավորվելու կամ առողջական խնդիրների մասին տեղեկատվությունը հասարակությանը հասու չի լինելու: Այդ տեղեկությունը հաղորդվելու է, բայց չի նշվելու՝ որ ուղղությամբ եւ որ զորամասում՝ ասաց Հակոբյանը:
Նրանից մեկնաբանություններ ենք խնդրում նաև մամուլի հրապարակումների վերաբերյալ. մասնավորապես՝ ինչու ՀՀ ԶՈՒ ԳՇ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ Ալբերտ Մարդոյանը պաշտոնից ազատվեց, այն դեպքում, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ անընդհատ խոսվում էր, որ մեր հրետանին ամենալավն է աշխատել:
Գլխավոր շտաբի պետը վերջ է դնում բոլոր խոսակցություններին՝ Ալբերտ Մարդոյանը զորացրվել է իր դիմումի համաձայն՝ տարիքի հետ կապված ու հաստատում ևս մեկ անգամ, որ ապրիլյան օրերին մեր հրետանին, իսկապես, շատ լավ աշխատել և դրանում անձամբ իր մասնակցությունն է ունեցել նաև Ալբերտ Մարդոյանը:
Իսկ ահա պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երեք պաշտոնյաներն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից երեք ժամկետային զինծառայողների ջրահեղձման պատճառով: Աշխատանքից ազատվել են զորամասի հրամանատարը և նրա երկու տեղակալներ, իսկ մի շարք պաշտոնատար անձիք էլ ենթարկվել են կարգապահական տույժի:
Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում՝ հարակից ջրամբարում հայտնաբերվել են ջրահեղձ եղած զինվորների մարմինները։