Հասարակություն

Այսօր նշվում է Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը


Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Այդ առթիվ այսօր լրագրողներին է հանդիպել մեր երկրի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը: Անդրադառնալով ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների իրականացրած եւ իրականացնելիք առաքելություններին՝ մեր երկրի խաղաղապահ բրիգադի հրամանատարը շեշտել է, որ դրսում խաղաղապահ առաքելություն ունենալը պատվաբեր է, քանի որ դա փաստում է, որ մենք ոչ միայն խաղաղության սպառող ենք, այլեւ իրականացնող:

Հայաստանը խաղաղապահ ուժեր ունի 2001 թվականից: Գումարտակը 2007թ-ից վերակազմավորվեց խաղաղապահ բրիգադի: Հրամանատար Արթուր Սիմոնյանը պատմական էքսկուրս կատարելով՝ շեշտեց, որ պատվով կատարել ու կատարելու են ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ենթակայությամբ խաղաղապահություն իրականացնելու բոլոր ծրագրերը՝ Կոսովո, Իրաք, Աֆղանստան եւ Լիբանան: Գնահատականներն էլ ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից մինչ օրս միայն դրական են, որոնց մասին հպարտությամբ է խոսում Արթուր Սիմոնյանը:

Այս տարի կլինեն զորավարժություններ, որոնց արդյունքում կգնահատվեն ինչպես դաշտային հոսպիտալը, այնպես էլ ականազերծման ինժեներասակրավորային դասակը: Խաղաղապահ բրիգադի հրամանատարը վստահ է, որ պատվով կհանձնեն նաեւ այդ քննությունը: Վստահության հիմքը նաեւ հայ խաղաղապահների պրոֆեսիոնալիզմն է ու ամենատարբեր իրավիճակներում կողմնորոշվելու եւ ճիշտ գործելու կարողությունը: Հենց դրանով են նաեւ հիացած արտասահմանցի մասնագետները:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյան Լեհյուն Հայաստանի հետ գործակցությունը հատկապես խաղաղապահական ոլորտում ՆԱՏՕ-ի ամենամեծ ձեռքբերումներից է համարում: Հայ խաղաղապահները կարգապահ են, հնարամիտ, գրագետ եւ պրոֆեսիոնալ՝ ասում է:

Զարմանալու եւ հիանալու առիթներից մեկն, օրինակ, տվել է Լիբանանի եւ Իսրայելի սահմանին դեռեւս 2014-ին խաղաղապահ առաքելություն իրականացրածներից Աշոտ Զախարյանը:

Հայ խաղաղապահի այս հաջող առաքելության օրինակի մասին պարբերաբար է հիշատակում նաեւ Հայաստանի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը: Նրան արտասահմանցի գործընկերներից շատերն են նաեւ այդ օրինակի համար շնորհակալություն հայտնել:

Նման բազմաթիվ օրինակների համար է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները ցանկություն ունեն, որ հայ խաղաղապահների թվաքանակն ավելացվի: Արթուր Սիմոնյանն ասաց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Նրա խոսքով՝ հայ խաղաղապահներից յուրաքանչյուրը միաժամանակ մի փոքրիկ դեսպան է, որ ներկայացնում է մեր երկիրը, բանակն ու պատմությունը:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն օրերս հայտարարեց, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում երրորդ երկրների տարածքում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելություններին մասնակցելու մանդատի ձևակերպման համար: ՀԱՊԿ-ն իր տրամադրության տակ ունի խաղապահական ներուժ, որը կազմում է մոտ 3500 մարդ: Հայաստանն արագ արձագանքման հավաքական ուժերում ներկայացված է մեկ գումարտակով՝ մինչեւ 100 հոգի: Հնարավորություն ունենք՝ վստահեցրեց խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյան:

Ներկայումս Հայաստանի ԶՈւ 125-130 զինծառայող մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղապահական գործողությանը: Բացի այդ, հայ խաղաղապահների մեկական դասակ՝ 32 եւ 46 հոգանոց, տեղակայված են Լիբանանում՝ ՄԱԿ-ի, և Կոսովոյում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:

Ցուցադրել ավելի
Back to top button