Ադրբեջանական հիստերան ավելի շատ գովազդեց Արցախի օդային տուրերը


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Հայաստանյան տուրօպերատորներից Yell Extreme Park ընկերությունը այս տարեշրջանին իր հաճախորդներին հետաքրքիր առաջարկ է արել՝ Ստեփանակերտ- Շուշի օդային շրջագայության տեսքով: Այս առաջարկը Ադրբեջանի համար հերթական քաղաքական հիստերիայի առիթ է դարձել. մեր հարեւանների կարծիքով օդային զբոսաշրջային տուրերը ոչ այս, ոչ այն վտանգում են բանակցային գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը արդեն մի քանի տարի է, որ զբոսաշրջային օդային տուրեր է կազմակերպում Արցախի տարածքում՝ ոչ միայն դեպի Շուշի, այլեւ դեպի Գանձասար, Ամարաս ուղղություններով:Եւ հիմա, մինչեւ Ադրբեջանում ուղիեր են փնտրում իրենց իսկ հնարած վտանգները չեզոքացնելու համար, Yell Extreme Park-ը Արցախ է բերել առաջին զբոսաշրջիկին:
«Ադրբեջանի շնորհիվ բարձրացած աղմուկը ավելի շատ գովազդի դեր խաղաց»,- ասում է Տիգրանը, ԼՂՀ էկոնոմիկայի ավիացիայի բաժնի պետ Սամվել Թավադյան էլ թռիչքների անվտանգությունն է հավաստում:
Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացվել են միշտ. Արցախն արտաքին աշխարհի հետ կապող օդային երակը բանուկ է օդանավակայանի ազատագրումից ի վեր: Ստեփանակերտի օդանավակայանի հարցը քաղաքական աստառ ստացավ, երբ Արցախի իշխանությունները ձեռնամուխ եղան դրա վերազինմանը եւ հայտարարեցին ինքնաթիռներով ուղեւորափոխադրումներ կազմակերպելու մտադրության մասին: Դա 2008-ին էր: Օդանավակայանը վերազինվեց, կառուցվեց ուղեւորային նոր համալիրը, նոր թռիչքուղին, սակայն այդպես էլ կանոնավոր չվերթներ չիրականացվեցին. հարցը սկսեց դիտարկվել քաղաքական հարթակում: Ինքնաթիռներով թռիչքներ չկազամակերպվեցին, բայց ուղղաթիռներ օդանավակայանը ընդունել եւ ընդունում է անխափան: Դրանց մի մասը զուտ դիվանագիտական չվերթներ են՝ այստեղ վայրէջք են կատարում օրիանկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Արցախ բերող ուղղաթիռները, ժամանում են ՀՀ բարձաստիճան պաշտոնյանները:
Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ շարունակում է բարձրացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը, պնդելով, որ դրա գործարկումը խախտում է իր օդային տարածքը: Այդպես էր եւ մի քանի տարի առաջ, երբ օդանավակայանը ձեռք բերեց երկու փոքր ինքնաթիռները, որոնք ներքին օգտագործման են:
Արդեն մի քանի տարի է երկտեղանոց ինքնաթիռները օգտագործվում են գյուղատնտեսական հանդակների սրսկման նպատակով, զբոսաշրջային պտույտներ են կազամկերպվում Արցախի տարածքում:
Ադրբեջանի այս անգամվա աղմուկը քաղաքական շոու լինելուց բացի նաեւ գործնական նպատակներ է հետապնդում: Օդային պտույտները Արցախը ավելի ճաաչելի են դարձնում, փշրում ռազմական գոտու կարծրատիպը: Հենց դրան է ձգտում Yell Extreme Park-ը՝ օդային շրջագայության առաջարկ անելով զբոսաշրջիկներին:
Զբոսաշրջային տարեշրջանը նոր է մեկնարկում: ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով` օդային պտույտները հետզհետե ավելի շատ սիրահարներ կունենան, օրական երբեմն մինչեւ ութ թռիչք է իրականացվում Ստեփանակերտի օդանավակայանից: