ԿարևորՀասարակություն

Կառավարությունը վաճառում է «Հայփոստ»-ը, «Հայֆիլմ»-ը, «Հրազդան» մարզադաշտը ու ոչ միայն


Կառավարությունն իր վերջին նիստում հաստատել  է « Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ ծրագիրը: Այստեղ 47 ընկերություն է  ներառված՝ հանրությանը հայտնի ու ոչ այնքան՝ «Հայփոստ»,«Դվին Կոնցեռն»-ի պետական սեփականություն հանդիսացող  բաժնեմաս, «Հայֆիլմ» կինոստուֆիա, անգամ՝ 2016-ի օգոստոսին ստեղծված  «Էներգաիմպեքս»: Ամենա, այսպես ասենք, շռայլը առողջապահության նախարարությունն է. այն  միանգամից սեփականաշնորհման է ներկայացրել տասը ընկերություն: «Ռադիոլուրն» այսօր  մասնագետների հետ է զրուցել՝ փորձելով պարզել՝  որքանո՞ վ է նպատակահարմար հանրությանը հայտնի շենքերի մասնավորեցման նախաձեռնությունը: Լրագրող Մարկ Գրիգորյանի հետ զրույցից հետաքրքիր դրվագներ ենք պարզել կրկին մասնավորեցման  ցանկում ընդգրկված հայտնի շենքերից մեկի մասին: Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլ նշել է, որ պետական սեփականությունը լավ չի կառավարվում: Ընկերությունների մի մասը վնասով է  աշխատում:

 

Մայրաքաղաք Երևանում եմ, Մաշտոցի 47 հասցեում առաջին հայացքից հասցեն գուցե շատերին ոչինչ չասի, սակայն շենքի անվանումը հաստատ շատերին է ծանոթ՝ Կառավարության ընդունելությունների տուն: Այստեղ ոչ հաճախ պաշտոնական միջոցառումներ են անցկացվում, ինչպես օրինակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբերձուների խորհրդի նիստերը։  Պարզվում է՝ ընդունելությունների տան պատմությունը շատ հետաքրքիր է: Լրագրող Մարկ Գրիգորյանն է զրուցակիցս.

«Սկզբում շենքը կառուցվել էր որպես Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար  Գրիգորի Հարությունյանի առանձնատուն: Ինքն իր ընտանիքով ապրում էր այդտեղ: Այդ շենքի այգին հենց ինքը՝ Գրիգոր Հարությունյանն էր խնամում»:

Գրիգոր Հարությունյանի պաշտոնանակությունից հետո տարածքն ավելացվեց ու օգտագործվում էր որպես ընդունելությունների տուն:

«Բոլորովին վերջերս նախագիծ կար Հայաստանի պետական պատկերասրահի համար շինություն, որպեսզի  հրապարակի վրա գտնվող այդ մեծ շենքն ամբողջությամբ տրվի պատմության թանգարանին: Նույնիսկ նախագծերի մրցույթ անցկացվեց, բայց, որքան ես գիտեմ, այդ նախագիծն այժմ չի քննարկվում»:

Այս նախագիծը չի քննարկվում, փոխարենը՝  օրակարգում է այս շենքի, ու եւս 46 ընկերությունների  մասնավորեցման հարցը: Կառավարությունն իր վերջին նիստում հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ ծրագիրը»:

Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ՝ ամենաշատը՝ 10 ընկերություն, մասնավորեցման ներկայացրել է առողջապահության նախարարությունը, այդ թվում՝  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի, Ճառագայթային բժշկության և այրվածքների, Մաշկաբանության և  սեռավարակաբանական բժշկագիտական, ազգային եւ գիտական կենտրոնները։

 

Մասնավորեցման ցանկում են «Հայփոստ»-ը, «Դվին Կոնցեռն»-ի պետական սեփականություն հանդիսացող  բաժնեմասը, «Հայֆիլմ» կինոստուդիան, ու ոչ միայն:  Մասնավորեցվելու է նաև բոլորովին վերջերս ստեղված «Էներգաիմպեքս» ընկերությունը:  Սա, հիշեցնեմ, 100 տոկոս պետական բաժնեմասով ընկերություն էր, որը ստեղծվել էր  2016-ի օգոստոսին:  Նշվում էր, որ հնարավորություն է ունենալու Իրանից գնել, ներմուծել և արտահանել գազ: Այժմ այս ընկերությունն էլ է մասնավորեցվելու:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը մանրամասնորեն ուսումնասիրել է ՊՈԱԿ-ների գործունեության  արդյունավետությունը։ Այստեղ նա բավականաչափ անտրամաբանական ծախսեր է նկատել, ուսումնասիրելով պետգույքի կառավարման վարչության հաշվետվությունները՝ եկել էր հետևյալ եզրահանգման:

«Ռադիոլուրի» հետ զրույցում տնտեսագետը նշում է, որ հյուրանոցների փոխարեն պատմամշակութային վայրերը, ասենք ՝թանգարանները, պետք է օգտագործվեն նաև պետական միջոցառումներ, մամուլի ասուլիսներ կազմակերպելու համար: Այսպես նաև տուրիզմը կխթանենք։

Ընդհանուր առմամբ,  տնտեսագետը միտումը ճիշտ է համարում:

Գույքը վարձակալության տալ գույքը մասնավորեցնել ուղղակի վաճառքի միջոցով, կամ այլ մեխանիզմներով, թե գույքը ուղղակի հավատարմագրային կառավարման տալ: Սրանք այն հարցերն են, որոնք ցավոք մինչև  այսօր  ՀՀ-ում մեթոդաբանորեն կարգավորված չեն:

Տնտեսագետը կարծում է, որ ՊՈԱԿ-ների դեպքում էլ պետք է նույն սկզբունքը կիրառել՝ եթե օպտիմալացվում են, ապա գույքի մասնավորեցումը թիրախ պետք է լինի: Սեփականաշնորհման գործընթացին դրական է տրամադրված նաև  լրագրող Մարկ Գրիգորյանը:

«Ես դեմ չեմ սեփականաշնորհման գործընթացին, ընդհակառակը՝ կողմ եմ: Ուղղակի պետք է խելոք , մտածված ձևով դնել պայմանները, հետո հետևել, որ այդ պայմանները խստորեն պահպանվեն»:

Ասում է՝ սա մարդկանց թույլ է տալիս ավելի խնամքով վերաբերվել շենքերին, սակայն զրուցակիցս  մեկ այլ երևույթի մասին է խոսում՝ շենքը գնվում է, սակայն  չի օգտագործվում.

«Դուք տեսեք, թե Երևանի Կենտրոնում որքան դատարկ շինություններ կան՝ սկսած «Մանկական աշխարհ» հանրախանութից, վերջացրած հայտնի հրշեջ կայանով՝ Սախարովի հրապարակի»:

Ի դեպ, ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է ստանալ 35-36 մլրդ դրամ:

Back to top button