Հասարակություն

Պետք է արդյո՞ք անկախ հակակոռուպցիոն նոր մարմին


Պետք է արդյո՞ք Հայաստանին անկախ հակակոռուպցիոն մարմին: Կառավարությունը եկել է այն եզրակացության, որ պետք է: Համապատասխան օրենսդրական փաթեթը մշակված է,  դրված հանրային քննարկման: Գործադիրն առաջարկում է այդ կառույցը ստեղծել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա. որոշակիորեն ընդլայնել այս մարմնի լիազորությունների շրջանակը,  տալ նոր իրավասություններ, նաև ապահովել կառույցի իրական անկախությունը:

 

 

Ավելի քան մեկ տասնմյակ Հայաստանը փորձում է ավելի արդյունավետ դարձնել հակակոռուպցիոն պայքարը, գտնել ճանապարհներ, որոնցով կոռուպցիայի դեմ հնարավոր կլինի ոչ թե իմիտացիոն, այլ իրական պայքար ծավալել: Այս ընթացքում Հայաստանում տարբեր կառույցներ են ստեղծվել, առնվազն երկու ռազմավարություն է մշակվել: Ընդհանուր առմամբ կոռուպցիոն իրավիճակը երկրում էականորեն չի փոխվել: Եթե թվերով, ապա կոռուպցիայի ընկալման հայաստանյան համաթիվը 2016-ին նախորդ տարվա համեմատ 2 նիշով  նվազել է: Վիճակագրորեն խոսքը ոչ թե նահանջի, այլ նահանջի միտումի մասին է ՝ ասում  է Թրանսփարենսի Ինթերնեշնլ  հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

«Առայժմ կարող ենք խոսել միայն միտումի մասին: 2014-ից Հայաստանի ցուցանիշը փոքր նիշերով իջնում է ներքև, դրանք որակական առումով նահանջ չեն, բայց տարիների կտրվածքով միտում են նահանջի մասին»:

Ի դեպ,  ըստ հետազոտության, կոռուպցիոն իրավիճակը վերջին տարիներին  աշխարհում վատացել է գլոբալ առումով. եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը մինչ այժմ աշխարհի երկրների մոտ 2/3-ում էր ցածր 50-ից, ինչն արդեն լուրջ խնդրի առկայության ցուացնիշ է, ապա այժմ աշխարհի երկրների մոտ 70 տոկոսում է այդպիսի վիճակ: Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ օրենսդրական փոփոխությունները, ռազամավորությունները, տարբեր կառույցներն  առանց քաղաքական կամքի իրավիճակ չեն փոխում: Սա, ըստ Հոկտանյանի, վերաբերում է նաև Հայաստանին:

«Փորձը ցույց է տալիս, որ օրենսդրական փոփոխությունները, ռազմավարությունները, կառույցները խնդիրը չեն լուծում, եթե իշխանությունները չունեն քաղաքական կամք»:

Կառավարությունն այդ քաղաքական կամքն ունի: Սա բոլորովին վերջերս, մինչև արդարադատության նախարարի պաշտոնը թողնելը ամենայն վճռականությամբ վստահեցնում էր Արփինե Հովհաննիսյանը:

«Քաղաքական կամք կառավարությունը ունի: Այն տարբեր ձևերով է արտահայտվելկու և դուք դրա ականատեսը լինելու եք: Ես ցանկանում եմ զերծ մնալ որակումներից ու տարատեսակ շահարկումներից»:

Նախարարը շահարկում և անհիմն գնահատական էր համարում մասնավորապես հակակառուպցիոն վերջին խորհրդի նկատմամբ անվստահությունը, որի անդամ էր նաև ինքը: Այդ խորհուրդը  ձևավորվել էր 2014-ին: Այն ղեկավարում էր վարչապետը, խորհրդի կազմում էին նաև արդարադատության ու  ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը և այլ պաշտոնյաներ։ Քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմադիր քաղաքական ուժերն ի սկզբանե կառույցից մեծ ակնկալիքներ չունեին,  կառավարությունն ավելի լավատես էր, բայց լավատեսությունը ժամանակի  ընթացքում նվազեց: Խորհրդի վերջին նիստերից մեկում արդարադատության նախարարությանը հանձնարարվեց կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի մոդել մշակել:

Օրենսդրական փաթեթն արդեն մշակված է: Կառավարությունն առաջարկում է ոչ թե նոր մարմին ստեղծել, այլ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը դարձնել  կոռուպցիայի կանխարգելման հարցերով կառույց:  Նախագծով որոշակիորեն ընդլայնվում է էթիկայի հանձնաժողովի լիազորությունների շրջանակը,  տրվում են նոր իրավասություններ, փորձ է արվում ապահովել կառույցի իրական անկախությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասում է, կառավարությունն ընտրել է կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոդելը: Մյուսը, որ կազմակերպությունն էր առաջարկում, ունիվերսալ մոդելն էր:

Ի դեպ, նախագծում նաև այսպիսի առաջարկ կա:  Նախատեսվում է ազդարարների միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծել: Ազդարարներ կոչվում են  կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ անանուն հաղորդում ներկայացնող անձինք:  Նոր կառույցը պետք է հետևի  այդ հարթակին ու ընթացք տա իրեն հասցեագրված անանուն հաղորդումներին:

Back to top button