Հասարակություն

Գուգարքը երիտասարդների համար հեռանկարային չէ


Լոռու մարզի Գուգարք գյուղը Վանաձորի հարավային դարպասն է,  բնակչության թվով ամենամեծ համայնքը, որտեղ  փաստացի ապրում է 5400 բնակիչ:  Տեղացիների  զբաղվածությունն ապահովված է Վանաձորի արտադրական մի քանի ձեռնարկություններում և  մանր առևտրում: Գուգարքից հեռանում են հատկապես երիտասարդները, նրանց համար գյուղը հեռանկարային չէ:

 

Գուգարք գյուղի փոքր-ինչ թեքությամբ ճանապարհին տարեց բնակիչը գոմաղբն էր տեղափոխում: Երեկոյան գոմը մտնելու ժամն էր, շատ անասուն չունի՝ մի կով ու մի մոզի: Գլխաքանակը կարող է շատացնել, բայց հնարավորություն չունի՝ կերի խնդիր կա: Խոտհարքը հեռու է,  Լերմոնտովի կուռը հասնելու համար 6-7 կմ ճանապարհ պետք է հատել: Ժորա Հարությունյանի սեփական հողատարածքը 3000քմ է, որի խոտը բավարարում է միայն մեկ անասուն պահելու համար, ընթացքում խոտ է հնձում այն տների բակերից, որոնց դռները տարիներով փակ են կամ էլ տնամերձ հողամասերը չեն մշակվում:  Չմշակելն էլ իր պատճառներն ունի, ոռոգման ջուր կամ ինչպես գյուղապետ Աշոտ Աշուղյանն է ասում՝ ջրելու ջուր չկա և աչքերը հառում երկինք: «Մեր ռելիֆն այնպիսին է, որ Գուգարքը երիտասարդների համար հեռանկարային չէհնարավոր չէ  ջրելու ջուր ունենանք, աստծո հույսին ենք»:

Գուգարքում, ինչպես նաև Լոռվա մյուս գյուղերում, սեփական հողերից հրաժարվում են դարձյալ հեռագնա լինելու պատճառով,  հերթը հասել է տնամերձ հողամասերին: «Եթե առնող լինի հողերը կվաճառենք, բայց առնող չկա: Գյուղացիները հրաժարվում են ու վերադարձնում, որպես համայնքային սեփականություն»:

Գուգարքը բնակչյության թվով Լոռվա ամենամեծ գյուղերի շարքին է պատկանում, հարակից է   Վանաձորին, որտեղ էլ աշխատանք են գտնում  գյուղացիների մեծ մասը, Ժորա Հարությունյանի աղջիկն ու թոռնուհին աշխատում են Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկայում, ինքն էլ մշակում է տանամերձ 100 քմ հողամասը, անասուններ պահում և ապրում՝ կպած մնալով հայրենի հողին: Տխուր նայում է երբեմնի  դրիկցների փակ դռներին. «Էս տանը մարդ չկա, էն մի տանը չկա, գնացել են Ռուսաստան, ով գիտի, մի 15-20 տարի, երիտասարդներն էլ են փախչում»:

Ապագան ստեղծելու գունավոր հեռանկարով գյուղից  ավելի շատ հեռանում են երիտասարդները,  սկզբում՝ ուսում, հետո աշխատանք և  հրաժեշտ են տալիս հարազատ գյուղին, հաստատվում այլ բնակավայրերում: Հայփոստի Գուգարքի բաժանմունքում աշխատող  Սիրանուշ Քոչինյանն այս հարցի շուրջ երկար մտորումների մեջ է, երեք երեխաներն էլ Երևանում են մնացել, ինքն ու ամուսինը՝ գյուղում: «Եևրկու տղաս ու մի աղջիկս Երևանում սովորեցին, հիմա լավ աշխատանք ունեն ու վարձով են ապրում, մի տղաս ամուսնացել է: Վատն էնա, որ մենք չարչարվել ենք երկու հարկանի լավ տուն ենք սարքել ու հիմա ես ու ամուսինս ենք միայն ապրում այնտեղ: Ամուսինս երաժշտական դպրոցում է աշխատում, ես՝ փոստում, մեղու ենք պահում: Երեխաներիս համար աշխատանք չկա մեզ մոտ, դեռ մեզ էլ են կանչում»,- ասում է Սիրանուշը:

Ամսվա վերջին թոշակ և նպաստ բաժանելու օրերն են, նամակատարը բաժանում է թոշակներն ու նպաստները, Սիրանուշը՝ ընդունում վարձավճարները:

Արհեստավոր վարպետներն էլ այս տարի դժվարանում են աշխատանք գտնել: Զրուցակիցներս սպասումների մեջ են. «Սվաղ ենք անում, մեզ մոտ միշտ գործ  եղելա, բայց հիմա չկա: Սպասում ենք Ռուսաստան՝ Սոչի կամ Մոսկվա գնանք, տեսնենք ով խաբար կանի: Բա ինչ անենք, ոնց ապրենք» :

Չեն ցանկանում հեռանալ, բայց ապրել են ուզում, երեխա պահել են ուզում: Գնացողներն էլ ընտանիքներին են կանչում ու մնում այլ երկրում:

Back to top button