Վերջին զանգի գլխավոր միջոցառումը` Ազատության հրապարակում


Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մայիսի 26-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները: Նշվել է նաև, որ օրվա գլխավոր միջոցառումը` համերգային ծրագրով, տեղի է ունենալու Ազատության հրապարակում: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում և մանկապարտեզների ավագ խմբերում շարունակվում է խիստ հսկողությունը՝ ավարտական միջոցառումների կազմակերպման նպատակով հնարավոր դրամահավաքության դեպքերը բացառելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները շարունակել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրությունները: Նշվել է նաև, որ նախորդ մեկ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ նման աշխատանքներ տարվել են 147 մանկապարտեզներում: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը: Զեկուցվել է նաև, որ քայլեր են ձեռնարկվում մանկապարտեզների ավարտական խմբերի երեխաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու մասով: