Հասարակություն

Ինչ դպրոցներ են ընդգրկված օպտիմալացման ցանկում


Կառավարության մայիսի 11- ի նիստում վարչապետը հանձնարարել էր ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանին 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ՝ հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը և դպրոցներում ուսումնական գործընթացի կազմակերպման 2-րդ հերթի բացառումը։ Հանձնարարությունից անցել է 10 օր եւ «Ռադիոլուրը» դրա հետ կապված հակասող  տեղեկություններ է ստացել։

 

Դպրոցների օպտիմալացումը վերջին օրերի ամենաքննարկվող հարցերից է Հայաստանում: Կառավարության մայիսի 11-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ: Ավելի վաղ` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարել էր, որ նախատեսում են ՀՀ մարզային կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկել կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում։

Վարչապետի հանձնարարականից և նախարարի այս հայտարարությունից հետո տարբեր փորձագետներ, հասարակական գործիչներ սկսեցին մտահոգություն հայտնել, որ այսօրվա իրավիճակում Հայաստանի մարզերում կամ գյուղերում դպրոց փակել նշանակում է ռազմավարական անուղղելի սխալ գործել: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց, որ դպրոցների օպտիմալացումն իհարկե ճիշտ քայլ է, բայց այն շատ բարդ գործընթաց է, որը ենթադրում է բազմակողմանի քննարկումներ շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

Օրեր առաջ, սակայն, ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ հասարակության մեջ թյուր ըմբռնում կա: Իրականում օպտիմալացումը պետք է իրականացվի ոչ թե գյուղական, այլ քաղաքային դպրոցներում՝ նշեց ԿԳ նախարարը:

Մինչ ԿԳ նախարարի պաշտոնակատարը պարզաբանում է, որ խոսքը առայժմ միայն քաղաքային դպրոցների օպտիմալացմանն է վերաբերում, փորձեցինք կապ հաստատել այն գյուղապետերի հետ, որտեղ, ըստ նախնական  տեղեկությունների, նախատեսվում էր ներդնել օպտիմալացման ծրագիրը: Այդ ցանկում ընդգրկված է նաև Կոտայքի մարզի  Զովաշենի հիմնական դպրոցը, որը նախատեսվում է միացնել Հատիսի միջնակարգ դպրոցին: Զովաշենի գյուղապետ Սեդրակ Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ այս ծրագիրը ոչ միայն դպրոցի անձնակազմի, այլև ծնողների մոտ է դժգոհության բավականին մեծ ալիք բարձացրել:

Խոսեցինք նաև Արտավազի գյուղապետ  Ռեմ Հովհաննիսյանի հետ:

Գյուղապետերի այս մտահոգությունը, իհարկե, հասկանալի է, սակայն կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս խնդիրը մյուս կողմից է դիտարկում: Եթե, օրինակ, միավորվող դպրոցում կրթությունը շատ ավելի լավ է կազմակերպվում և դպրոցն էլ ավելի լավ է ջեռուցվում, ծնողների մտահոգությունն անտեղի է և հեռավորությունն այս դեպքում արդարացվում է:

Back to top button