Քաղաքական

Անկախ Հայաստանի Աժ նախագահները

ՀՀ օրենսդիր մարմինը քանի ղեկավար է ունեցել եւ ինչով են նրանք աչքի ընկել իրենց օրենսդիր աշխատանքի ընթացքում: Առաջիկա տարիներին այն վերածվելու է թիվ մեկ ղեկավար օղակի, բայց դեռեւս կան խնդիրներ, որոնք տարիներով լուծում չեն ստանում այդ շենքում: «Ռադիոլուրն» առաջարկում է հետահայաց հիշել խորհրդարանի բոլոր ղեկավարներին:

 

 

Մի քանի օր առաջ ՀՀ նորընտիր Աժ-ում ընտրեցին անկախ Հայաստանի խորհրդարանի 12-րդ խոսնակին: Վերլուծաբանները հաճախ ակնարկում են՝ այս նշանակումը ժամանակավոր է: Վերջնաժամկետը 2018 թվականն է, երբ ամբողջովին կանցնենք խորհրդարանական կառավարման: Այս ակնարկներին Արա Բաբլոյանն արդեն տալիս է «ժամանակը ցույց կտա» պատասխանը, թեեւ մինչ այդ տարակուսում էր, որ իր մասով կայացված որոշումն անակնկալ էր:

ԱԺ 3-րդ հարկում է գտնվում Ոսկեզօծ դահլիճը, որին կից ճեմասրահի պատերին փակցված են անկախ Հայաստանի Աժ բոլոր նախագահների լուսանկարները: Ըստ ժամանակացույցի՝ վերջինն այստեղ ավելացավ Գալուստ Սահակյանի լուսանկարը: Հնարավոր է՝ նա դեռեւս կանցնի այստեղով եւ  կտեսնի այն: Ղեկավար պաշտոնը չպահպանեց, բայց պատգամավորական աթոռը չզիջեց մյուսներին, նա կշարունակի աշխատել նաեւ այս Աժ-ում: Հայաստանի ԱԺ նախագահների մասով կա մի հետաքրքիր օրինաչափություն՝ խորհրդարանի ոչ մի նախագահ ամբողջ ժամկետով չի պաշտոնավարել:

 

Օրենսդիր մարմինը 1990 թվականից կոչում էինք Գերագույն խորհուրդ, Աժ-ի այն վերածվեց 1995-ից: Խորհրդարանում ամենակարճը Կարեն Դեմիրճյանի նախագահությունն էր՝ ընդամենը 4 ամիս, որն ընդհատվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ:

Կան գործիչներ, ովքեր երկու անգամ են ղեկավարել օրենսդիր մարմինը՝ Բաբկեն Արարքցյանն ընդհանուր առմամբ 7 տարի, Հովիկ Աբրահամյանը 5 տարի ժամկետով:

Մեկական տարի այս մարմինը ղեկավարել են Լեւոն Տեր- Պետրոսյանը, Խոսրով Հարությունյանը, Սամվել Նիկոյանը:

Երկուսից չորս տարի այդ պաշտոնը զբաղեցրել են Տիգրան Թորոսյանը, Արթուր Բաղդասարյանը, Արմեն Խաչատրյանը, Գալուստ Սահակյանը:

Ի դեպ, վերջինիս պես փորձառու գործչին որոշակի վախով է դեռեւս փոխարինում Աժ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Գալուստ Սահակյանի թեւավոր խոսքերը եւ արտառոց մտքերը դեռեւս հիշում են եւ խորհրդարանի ներսում եւ դրսում: «Մաեստրոն», ինչպես նրան անվանում են շատերը մեկնաբանությունների հարցում նախընտրած թեմա չունի՝ խոսել է եւ քաղաքականությունից, եւ մշակույթից՝ մի խոսքով՝ ամեն ինչից:

 

Գալուստ Սահակյանի քաղաքական պատրաստվածությանը դեռեւս նախանձում է նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը: Թեեւ առաջին օրերը խոստումնալից են՝ ազնվորեն բացահայտեց իր «մութ անցյալը» եւ հետագա անելիքները:

 

Մինչեւ խորհրդարանական կառավարման անցնելը՝ այս ղեկավարին անհրաժեշտ է հասնել նրան, որ բարձրանա Աժ դերն ու նշանակությունը: Այդ գործը փորձել է անել նաեւ Հովիկ Աբրահամյանը: Հենց այս ղեկավարի օրոք խորհրդարանի շենքում վերափոխվեց ամեն ինչ՝ նիստերի դահլիճից մինչեւ կահավորանքը: Խորհրդարանը, սակայն, դրանից հետո էլ գնահատվում էր իբրեւ կառավարության կցորդ՝ առավելապես քննարկում, քվեարկում եւ ընդունում էր կառավարությանն անհրաժեշտ օրինագծերը: Այդպես շարունակվեց նաեւ, երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, թեպետ Աժ նախագահի պաշտոնում նա փորձում էր պատգամավորներին վերադարձել աշխատանքային դաշտ:

Այս մեթոդը, ինչպես երեւում է, չաշխատեց: Գործուղումները շարունակվում են, իսկ կանոնակարգն այժմ մեկնաբանվում է այլ կերպ՝ պատգամավորը կարող է նիստի օրերին աշխատել նաեւ իր աշխատասենյակում կամ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ: Խորհրդարանի աշխատանքային կարգուկանոնը, ի դեպ, մշտապես եղել է ղեկավարների ուշադրության կենտրոնում: Այս խնդիրը փորձեց լուծել նաեւ Կարեն Դեմիրճյանը: Առաջին իսկ նիստը սկսեց նկատողություններով:  Նախ՝ աշխատակազմի ներկայացուցիչներին՝ ազատ ելումուտի համար, հետո պատգամավորներին զգուշացրեց, որ այսուհետ թույլ կտրվի դահլիճից դուրս գալ, եթե՝ իր բառերով «բան-ման պետք լինի»:

Արթուր Բաղդասարյանն իր կարգուկանոնը փորձեց տարածել նաեւ գործադիր մարմնի վրա, ճեմասրահներից մեկում տեղ հատկացնելով վարչապետի բրիֆինգների համար: Վարչապետը, սակայն, այդ ծառայություններից չօգտվեց՝ ցուցադրաբար պատասխանում էր լրագրողների հարցերին ոչ Աժ-ում նախատեսված վայրում: Բայց ահա Խոսրով Հարությունյանից ժառանգություն մնացած խումբ- խմբակցությունների ճեպազրույցները մինչ այժմ էլ պահպանում են իրենց արդիականությունը։ Արմեն Խաչատրյանի պաշտոնավարումից հանրությունն այսօր հիշում է որոշ սկանդալները, Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանից էլ՝ 2007 թվականի մարտի 1-ից հետո գործընկերներին անձեռնմխելիությունից զրկելու առաքելությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button