Տնտեսական

20 օր՝ կառավարության ձևավորման, ևս 20 օր գործունեության ծրագրի ներկայացման համար


Երեկ, Սահմանադրության համաձայն, հրաժարական տվեց Հայաստանի կառավարությունը: Չնայած ՀՀ նախագահը տասը օր ժամանակ ուներ՝ նոր վարչապետ նշանակելու համար, սակայն հրաժարականից ժամեր անց  Կարեն Կարապետյանը վերանշանակվեց:  Կարեն Կարապետյանը կառավարությունը կձևավորի 20 օրյա ժամկետում: Փորձագետները կարծում  են, որ վեց կամ յոթ  ամիսը կարճ ժամանակահատված  է՝ գործող կառավարությունից ավելին ակնկալելու համար: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարության կազմում  լուրջ փոփոխություններ պետք է լինեն: Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանն էլ այս կառավարությունն անցած ամիսների ընթացքում կատարած  արդյունավետ աշխատանքն է առանձնացնում:

 

 

Կարեն Կարապետյանի կառավարության հրաժարականն ընդունված է: 2016թ սեպտեմբերի 13-ին վարչապետ նշանակված Կարեն Կարապետյանի կաբինետն  ստացավ  «Տեխնոկրատների կառավարություն»   անվանումը:  Հայաստանի նորանկախ պատմության 14-րդ կառավարության անդամները հիմնականում անկուսակցականներ էին, նույն այդ կարգավիճակում էր նաև վարչապետը: Կարեն Կարապետյանը սակայն ՀՀԿ  համագումարին ընդառաջ նոյեմբերի վերջին հայտարարեց, որ անդամագրվում է ՀՀԿ-ին:

Նրան հետևեցին մասնավորից պետական համակարգ տեղափոխված մի քանի նախարարներ, ովքեր, ինչպես  խոստովանում, էին, չեն էլ մտածել, որ մի օր կուսակցական կդառնան:
Ինչևէ, կառավարությունը ձևավորվեց, և  արտակարգ ռեժիմով աշխատելու հայտարարություններ հնչեցին: Մինչ այդ, արդեն օպտիմալացման գործընթացն էր սկսվել:  «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նախ նշում է, որ այս կառավարությունն աշխատեց   կարճ ժամանակահատվածում, ուստի և այդ ընթացքում ակնկալել ավելին, այնքան էլ  տրամաբանական չէ: Այդուհանդերձ, տնտեսագետը գնահատում է կառավարության որդեգրած սկզբունքները:

Պարզաբանում է՝  որքան էլ առաջխաղացում նկատվի  մեկ անձի կողմից, միևնույնն է , դա բավարար չէ: Ասում է՝ անգամ եթե ամբողջ կառավարությունը գործի վարչապետի որդեգրած սկզբունքներով, դա նույնպես բավարար չի լինելու մեր երկում շոշափելի առաջընթաց արձանագրելու համար:

Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է , որ այս կառավարությունն անցած ամիսների ընթացքում արդյունավետ աշխատեց: Ավելին, կարծում է, որ Կարեն Կարապետյանն ու իր թիմը պետք է շարունակեն աշխատանքը կառավարությունում:

«Վարչապետի մնալը երաշխիքն է, որ որդեգրած քաղաքականությունը կշարունակվի»,- ասում է:

Կարեն Կարապետյանի կառավարության անդամների մի մասն  աչքի է  ընկնում բիզնես մտածողությամբ: Ամեն տեղ նրանք  գործարարության ու ներդրումներ ներգրավելու անհրաժեշտություն են տեսնում: «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը կարևորում է այս քայլը. «Նշում է, որ  պետք է ծախսերի ու շահութի հիմնավորվածությունը»:

Գլոբալ մտածողության պակաս կա՝ ասում է  Թաթուլ Մանասերյանն ու ևս մեկ բացթողում առանձնացնում՝  անհրաժեշտ է  համատեղ պատասխանատվություն ստանձնել:  Կառավարությունում նախաձեռնող նախարարների  կարիք կա, որպեսզի իրենք էլ նորարարական գաղափարներով կարողանան օգնել կառավարությանն ու վարչապետին: «Կա՞ արդյոք նախարարների փոփոխության կարիք» ,- հարցնում եմ:

«Ես կարծում եմ, որ լուրջ փոփոխությունների կարիք կա: Եվ ամենակարևորը, եթե կուզեք, միգուցե շատ խիստ եմ վերաբերվում ներկայիս կառավարությանը, կարծում եմ, որ բացի նրանից, որ վարչապետի վստահելի մարդիկ են որոշ նախարարներ կամ առանձին կառույցների ղեկավարներ, չէր խանգարի, որ վարչապետն այսուհետ շարունակեր օգտագործել անպայման մրցույթի ինստիտուտը: Մրցույթով անցնեին նախարարներ, տարբեր կառույցների ղեկավարներ՝ ապացուցելով, որ իրենք ներկայացրել են լավագույն ծրագրերը և լավագույնս են ոլորտին տիրապետում»:

Նշենք, որ վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում կձևավորվի կառավարությունը, ևս 20 օր էլ կպահանջվի, որ նոր կառավարությունը  ներկայացնի իր գործունեության ծրագիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button