Հասարակություն

Հարգանքի տուրք՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին


Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հատկանշական է, որ թեև շեշտում են Պոնտոսի հույներ, սակայն հույներին կոտորել են ամբողջ կայսրությունում: 2015 թվականին ՀՀ ԱԺ-ն սրա մասին համապատասխան օրինագիծ ընդունեց: Հույների ցեղասպանությունը ընդունել են միայն Հունաստանը, Կիպրոսը և Շվեդիան: Հայաստանը այս շարքում 4-րդն է:

 

 

Տարբեր աղբյուրների համաձայն 1916-1923 թթ. Պոնտոսի ցեղասպանության զոհ են դարձել 353.000 -ից մինչև 1.200.000 հույներ։ Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն և ամեն տարի մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական էջի տարելիցը: Հույները սգում են իրենց հայրենակիցների մահը, որոնք դաժան ոչնչացման ենթարկվեցին օսմանցի թուրքերի կողմից 1916-1923 թթ.: Այսպիսով՝ չունենալով առանձին հուշարձան՝ ազգային այս փոքրամասնության ներկայացուցիչներն ավանդաբար հավաքվում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և ինչպես հայերի, այնպես էլ հույների ցեղասպանության օրը անգամ անձրևային եղանակը չի խանգարում հավաքվել հուշահամալիրում և հարգել անմեղ զոհերի հիշատակը: Հույների ցեղասպանությունն ընդունողների շարքում Հայաստանը 4-րդն է և «Պոնտի» հունական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Նիկոլաիդին ողջունում է այս քայլը, միևնույն ժամանակ նկատում, որ հույների ցեղասպանության մասին պետք է իմանան և ընդունեն բոլորը:

Հունական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներով և համապատասխան պաստառներով ուղևորվեցին դեպի անմար կրակը: Նրանց շարքում կային ինչպես երիտասարդներ, այնպես էլ տարեցներ ու երեխաներ: Որոշ երկրներ իհարկե ընդունել են հույների ցեղասպանությունը, բայց անձամբ մեզ համար այս հարցը դեռևս փակված չէ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց  «Պոնտի» ՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչ Նիկոլայ Նիկոլայիդին:

Պոնտի հունական համայնքի մշակույթի գծով պատասխանատու Ագապի Խուրշուդյանը մշեցու թոռ է: Ամուսնացել է ազգույթամբ հույնի հետ և զավակներին էլ դաստիարակել է և հունական և հայկական սովորույթներով:

Ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Մեկ րոպե լռությամբ է մեկնարկել նաև ԱԺ այսօրվա նիստը: Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է, որ այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրն է:

Նիստից հետո Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ խոնարհումով ու լռությամբ հարգել Փոքր Ասիայի տարածքում 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի կողմից Պոնտոսի հույների նկատմամբ իրականացրած ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։

Ցուցադրել ավելի
Back to top button