Մշակույթ

«Աուդիովիզուալ գիդի» մեկնարկը՝ Փարաջանովի թանգարանից

Սմարթֆոններում ներբեռնելով «Yerevanmuseums» հավելվածը, առաջարկվող 10 լեզուներով արդեն հնարավոր է  ճամփորդել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող պետական երեք թանգարաններում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի: Հավելվածի շնորհանդեսն այսօր Փարաջանովի թանգարանում էր:

«Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառման առիթով մենք որոշեցինք մատուցել լավագույն նվերը. ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մեր թանգարանների տեղեկատվական նյութն այսուհետ 10 լեզուներով հասանելի է դառնում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին և ոչ միայն»,- Սերեգեյ Փարաջանովի թանգարանովի թանգարանում, «Աուդիոգիդ» բջջային հավելվածի շնորհանդեսին ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Թանգարանային գործում սա քայլ առաջ է. սա  ոչ միայն աուդիովիզուալ և վիրտուալ թարգմանիչ է, այլև մշտական կապ  երբևէ թանգարան այցելած զբոսաշրջիկի հետ, որովետև բջջային հավելվածը, մնալով այցելուի հեռախոսի մեջ, հնարավորություն է տալու նրան տեղեկություններ ստանալ թանգարանի մասին՝  մշտապես պահպանելով կապը վերջինի հետ»

25 հազար դոլար արժողությամբ նախագիծն իրականացվում Հայաստանում Չինաստանի դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ:

Մշակույնթի նախարարը  նկատեց, որ սա Չինաստանի դեսպանատան օժանդակությամբ իրականացվող արդեն երկրորդ խոշոր նախագիծն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում: «Երկու օր առաջ տեղի ունեցավ չորս շարժական կինոթատրոնների շնորհանդեսը, որոնք ևս ձեռք են բերվել դեսպանատան օժանդակությամբ»,-ասաց նախարարը:

«Ծրագրային հավելվածի վերաբերյալ նախարարի  առաջարկությունն ընդունել ենք մեծ սիրով  և շատ զարմացած եմ, որ նախագիծը հնարավոր եղավ կյանքի կոչել այսքան կարճ   ժամանակահատվածում»,-ասաց  Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թյան Էռլունը:

«Մի կողմից դա պայմանավորված էր նախարարության մեծ խանդավառությամբ: Մյուս կողմից՝ դա վկայում է այն մասին, որ ՏՏ ոլորտը Հայաստանում իսկապես կայացել է: Վերջերս ես մեծ ուրախությամբ հայտնաբերեցի, որ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով չինացիները զբաղեցնում են երրորդ պատվավոր հորիզոնականը՝ Իրանից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներից հետո, իհարկե շատ մեծ տարբերությամբ:  Ես կարծում եմ, որ այս ծրագիրը, որն ապահովում է նաև   չինարեն լեզվով տեղեկատվության հասանելիությունը,  կնպաստի նրան, որպեսի չինացի զբոսաշրջիկների  հոսքը դեպի Հայաստան մեծանա և նրանք իմանան ավելին այս երկրի հարուստ մշակույթի մասին»:

Back to top button