Հասարակություն

Լավատեսությունը կփոխի կյանքի որակը


Լոռու մարզի Շահումյան գյուղում կիսաթաց պատերում ապրող երիտասարդ ընտանիքը չի կորցրել ապագայի լավ օրվա հույսը: Չորս տղայի ծնողներն ամեն կերպ փորձում են բարելավել կյանքի որակը: Երեխամերի կրթական խնդիրները լուծել են Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Վանաձորի Շող կենտրոնի միջոցով: Ընտանիքի հայրը մեկնում է արտագնա աշխատանքի, մայրն էլ՝ ապրուստ է ստեղծում բնության բարիքները հավաքելով ու վաճառելով:

Շենքը, որը հեռվից տեսա կիսավեր ու թաց պատերով էր, սկզբում թվաց, որ գյուղի պահեստային շինություն է, երբ շրջվեցի դեպի  բակ, այնտեղ  մի քանի պարան լվացք էր փռած: կիսախարխուլ փայտե աստիճաններով շատ զգուշորեն բարձրացա երկրորդ հարկ և մտա 3 տնից մեկը, որտեղ երիտըասարդ կինը հացի խմոր էր գնդում:

7 հաց ՝  7 հոգանոց ընտանիքի համար,  3 օրվա հաշվարկով: Խոնավ ու ցուրտ պատերի ներքո մեծանում է 4 տղա, հայրենիքի 4 պաշտպան: Հերմինեի ամուսինն արդեն մեկ ամիս  մեկնել է արտագնա աշխատանքի, վարկեր ու պարտքեր ունեն, չեն հասցնում մարել, կադաստրում էլ մնացել է տան սեփականաշնորհման վկայականը, որը չեն կարողանում ստանալ:  Նրանք ջանք չեն խնայում   աղքատությունից բարելավելու  իրենց  կյանքի որակը:<<Հինգ տարի է ես վարկ եմ վերցրել 2 տեղից, չեմ կարողանում տամ, մեր տանը սանհանգույց չկար, վարկ ենք վերցրել, տան մեջ սարքել, հետո ես հիվանդացա, լեղապարկս հեռացրեցին, էդպես չենք կարողանում մինչև հիմա վարկը մարենք>>:

Ամուսինը Ռուսաստանում, ինքը գյուղում փորձում են առանց տրտնջալու աշխատել,   հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը: Տանը ապրում է նաև 2 տատիկ: Շահումյան գյուղում Հերմինեն գտել է ապրելու ձևն ու  միջոցը: Ինչպես Լոռվա մյուս գուղերում, այնպես էլ Շահումյանում գյուղացիներն օգտվում են բնության բարիքներից:<<Մարդիկ գնում են հանդը, անտառը ղանձիլ, սինդրիկ, իծկոթ բերում են, վաճառում, ապրում: Ես էլ եմ գնում, բերում, իրիկունը կապում, առավոտը տանում քաղաք ու տալիս դալարներին>>:

Շահումյանում կա պահածոների գործարան, որը միայն սեզոնին է աշխատում:  Հերմինեն նպատակահարմար չի գտել թողնել ամբողջ տան գործն ու  12 ժամ աշխատել՝ օրական 2000 դրամ վաստակելու համար: <<Եթե ես պետք է առավոտվա 9-ից գիշերվա 9-ը գնամ զավոթն աշխատեմ, 2000 դրամ ստանամ, հենա կգնամ անտառ մալինա կբերեմ, կծախեմ: Ես 4 անչափահաս երեխեք ունեմ, չեմ կարա>>, ասում է Հերմինեն:

Երեխաների ուսման հարցը կարգավորել է Վանաձորի Շող կենտրոնի միջոցով, որտեղ սոցիալական հիմնախնդիրներ ունեցող ընտանիքների երեխաների համար իրականացվում են կրթական ծրագրեր: Երեխաները բացի դասապատրաստումից  հաճախում են տարբեր խմբակներ:

Ավագ որդին հիմնական  դպրոցն ավարտել ու հիմա սովորում է արհեստագործական ուսումնարանում, բոքսի չեմպիոն է: Տանը տեսանելի տեղում դրված մեդալը Հայաստանի բոքսի առաջնությունում գրաված 2-րդ տեղի մրցանակն էր:

Թաթուլը ոտքի հիվանդության պատճառով էլ չի պարապում: Ավագ եղբոր մեդալների փայլը շլացրել է կրտսեր եղբոր աչքերը, արդեն երեք ամիս նա էլ է բոքսով զբաղվում, ցանկանում է ավելի շատ մեդալներ ունենալ: <<Մյուս տղաներս ցանկանում են կարատեի գնալ, բայց գումարի պատճառով չենք տալիս, ամիսը 5000 դրամ է, չեմ կարողանում տրամադրել>>,- ժպիտով արդարացավ մայրը:

34-ամյա Հերմինե Զոհրաբյանը տարվա մեծ մասը միայնակ է քաշում տան հոգսը, չդժգոհելով ծանր ապրելակերպից ու խոնավ տնից, լավատեսորեն լցված   ընդառաջ  է գնացել տղաների խնդրանքին և ցանկացել է մանկատնից քույրիկ որդեգրել, սակայն հետաքրքվել է ու իմացել, որ  ընտանեկան ծանր ապրելակերպի պատճառով իրենց երեխա չեն տա:

Back to top button