ԿարևորՔաղաքական

Թուրքիայի նախագահը բռնության եւ արյան հետքերը տեղափոխեց ԱՄՆ

լրացված 17.36-ին


Վաշինգտոնում՝ ԱՄՆ- ում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած բռնությունները միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանությունը շրջափակել է դեսպանատան հարակից տարածքը եւ հետաքննում է միջադեպը: Ամեն ինչ սկսվել է բողոքի խաղաղ ակցիայից: Սպիտակ տանը ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների՝  Դոնալդ Թրամփի եւ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում անցկացված ցույցը կազմակերպել էին մի շարք կազմակերպություններ, որոնց թվում էին նաեւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ Ամերիկյան հելլենական խորհուրդը: Ցույցին մասնակցել են մի շարք այլ խմբեր, որոնց թվում են եղել հայկական, հունական, քրդական եւ ասորական համայնքների ներկայացուցիչներ: Ցուցարարների մի մասն այսօր արդեն հիվանդանոցներում է:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բռնության եւ արյան հետքերը տեղափոխեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

 

Սա բռունցնքների, ոտքերի եւ մահակների ձայներ են: Այսպես հաշվեհարդար տեսան ցուցարար հայերի, քրդերի, ասորիների, հույների նկատմամբ: Ի՞նչ է կատարվել Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանատան առջեւ՝ դատողություններ հնարավոր է անել սոցիալական ցանցերում տարածվող ականատեսների տեսաձայնագրությունների միջոցով: Կադրերից պարզ երեւում է՝ Թուրքիայի նախագահի ամերիկյան այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը պաստառներով եւ դրոշներով ակցիայի ժամանակ անակնկալ հարձակման է ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից:

Ընդ որում՝ նույն կադրերից երեւում է՝ առանձնակի դաժանությամբ աչքի էին ընկնում կոստյումներով եւ փոխկապներով՝ պաշտոնական հագուկապով մարդիկ, որոնք, չի բացառվում, եղել են հենց Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանք հարվածում էին մարդկանց, գցում գետնին, այնուհետեւ ոտքերով հարվածներ հասցնում, երբեմն՝ գլխին:

Միջադեպի տեսանյութում երեւում է մի  քանի տարեց տղամարդ՝ արյունոտ հագուստներով եւ վնասված գլուխներով: Նման հարձակումից անակնկալի է եկել անգամ ոստիկանությունը՝ կադրերից է երեւում, որ նրանք անգամ չեն հասցնում արձագանքել այս ու այնտեղ բռնկվող տարերային բռնություններին:

Քանի որ հարձակվողները թվով ավելի շատ էին, քան՝ ցուցարարները, արդյունքում ստացվեց այնպես, որ բոլոր ցուցարարները տապալվեցին գետնին, անգամ կանայք եւ երեխաներ։ Կադրերում երեւում է նույնիսկ շրջված մանկական սայլակ:

Վարկածներից մեկի համաձայն` բախումը սկսվել է, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների թիմը հարձակվել է քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության դրոշը պահած ցուցարարների վրա: Արդյունքում՝ հիվանդանոց տեղափոխվեց 9 վիրավոր, որոնցից առնվազն մեկի վիճակը ծանր է:

Վաշինգտոնի ոստիկանության խոսնակ Դասթին Սթերնբեքի փոխանցմամբ՝ կա երկու ձերբակալված: Ոստիկանության խոսնակը նշել է, որ վեճը բռնկվել է երկու խմբերի միջեւ, բայց այլ հանգամանքներ չի ներկայացրել: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ցուցարարներից եւ ականատեսներից մեկն է: Ահա, թե ինչ է նա պատմում:

«Սա այնպիսի բռնություն էր, որ երբեք չեք սպասի տեսնել ԱՄՆ մայրաքաղաքում: Սա այնպիսի բռնություն էր, որ կարելի է տեսնել Էրդողանի Թուրքիայում եւ այլ բռնապետություններում: Սա այն բռնությունն է, որ տեսնում ենք Անկարայում, եւ նրանք այն բերում են այստեղ: Մի բան է Թուրքիայի իշխանությունների համար դա անել սեփական քաղաքացիների նկատմամբ, դա սարսափելի է: Մեկ այլ բան է մեզ՝ ամերիկաբնակներիս համար տեսնել, թե ինչպես է դա տեղափոխվում Միացյալ Նահանգներ»:

«Ռադիոլուրի» հետ զրույցում միջադեպին անդրադարձել է նաեւ Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը՝ նշելով, որ այս միջադեպը պետք է ազդեցություն ունենա հանրության կարծիքի վրա:

«Այն ինչ տեղի ունեցավ, խայտառակություն է»:

«The Washington Post» , «USA Today», «The Daily Mail», «The Guardian». սրանք այն պարբերականներն են, որոնք ձեւավորում են կարծիք եւ արդեն անդրադարձել են կատարվածին: Շատերն արդեն գրել են, որ ցուցարարների վրա հարձակվողները «կոստյումով թիկնապահներն էին», ովքեր «կատաղի բախման մեջ են մտել խաղաղ ցուցարարների հետ»:

Back to top button