Տնտեսական

ՓՄՁ խնդիրներն ու առաջարկվող լուծումները


Հայաստանում աշխատող  փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների 80 տոկոսը  առևտրով է զբաղվում: Փորձագետները սա մտահոգիչ են համարում, նկատում են՝ Հայաստանում պետք է  արտադրող բիզնեսը զարգանա: Կառավարությունը փորձում է, անում հնարավոր ամեն ինչ, սակայն ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհ են: Նրանց հիմնականում անհանգստացնում է շրջանառու միջոցների բացակայությունը:  Հայաստանում արդեն յոթ տարի է, ինչ գործում է  ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ-ն, որը մատչելի պայմաններով վարկեր է տրամադրում սկսնակ ու միջին բիզնեսին: Կազմակերպության  գործունեության ընթացքում  850 նոր աշխատատեղ է բացվել:  ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՁԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանն այսօր ամփոփել է իրենց աշխատանքները:

 

Հարկային վարչարարություն, խնդիրներ սահմանի վրա, ֆինանսական ռեսուրսների  անհասանելիություն. սրանք փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների  գործունեության առաջին երեք՝ սակայն հիմնական խոչընդոտներն են: ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցության գրասենյակը  ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություններ է կատարում՝ փորձելով հասկանալ ոլորտի խնդիրները: 2016-ի արդյունքները չեն  ամփոփվել, սակայն, 2015-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում գործունեություն իրականացնող  տնտեսվարողների 60 տոկոսը գերփոքր ձեռնարկություններն են:

Վերլուծությունները ցույց են տվել, որ մարզերում ՓՄՁ-ներն ավելի քիչ են տեղակայված: Նրանք իրենց հիմնական գործունեությունը իրականացնում են Երևանում:  Նույն այս տվյալներով, և ոչ միայն, Հայաստանում  ՓՄՁ-ների մեծ մասը զբաղվում է առևտրով:

Խնդիրների շարքում տարիներ շարունակ առաջին հորիզոնականներում  նաև  շրջանառու միջոցների անմատչելիությունն է։ Արդյունքում՝ ՓՄՁ-ների մեծ մասը քայլերն ուղղում  է  դեպի մոտակա բանկ, իսկ տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, մեղմ ասած,  հիասթափեցնող են: 2009թ Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծվեց  ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ- ն:  Հենց այս կազմակերպության միջոցով է  կառավարությունը  ֆինանսական միջոցները հասանելի դարձնում տնտեսվարողներին:  Մատչելի պայմաններով վարկեր են տրամադրում արտահանման ուղղություն ունեցող ՓՄՁ-ներին, առևտրի ոլորտն այստեղ չեն վարկավորում:

Թեթև արդյունաբերության ոլորտը Հայաստանում գերակա է ճանաչված։ Ավելին՝ 2011թ ընդգրկված է արտահանմանն ուղղված  արդյունաբերության  ռազմավարությունում: Ոլորտում խնդիրները շատ են՝ ասում է ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության նախագահ Հովսեփ Պողոսյանն ու թվարկում ամենակարևորները՝ անհավասար պայմաններ ներկրողների հետ, շուկայում տեղ գտնելու խնդիրներ, բարձր տոկոսադրույքներով վարկեր։

«Մենք այսօր 3- 4 տոկոսի  մեջ կկարողանանք շունչ քաշել և ավելի բարձր արտադրողականություն ապահովել»։

ՓՄՁ ներդրումներ ՈԻՎԿ  վարկային միջոցները տրամադրում է միջինը 12 տոկոս տոկոսադրույքով:

Նշենք, որ  կազմակերպությունը նաև  մարզային զարգացման  ու վերջերս  մեկնարկած  գյուղտեխնիկայի տրամադրման լիզինգի  ծրագրերն է ֆինանսավորում:

Back to top button