ԿարևորՄշակույթ

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում». Թանգարանային եռօրյա հրավառություն՝ Երեւանում


«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն այս տարի կանցկացվի  մայիսի 20-ին: Այն իրականացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, որը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: 2017 թվականին Հայաստանում և Արցախում միջոցառումներին մասնակցող թանգարանների թիվը 113-ն է: Ի դեպ միջոցառումների այս տարվա կարգախոսն ընտրվել է ԻԿՕՄ-ի հայկական կոմիտեի առաջարկությամբ: Որն է այն և ինչպես ենք նշելու թանգարանային եռօրյա հրավառությունը` «Ռադիոլուր»-ի ռեպորտաժում:

 

 

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս  «Թանգարանների գիշեր» ակցիային ու Թանգարանների միջազգային օրվան միացել են  բազմաթիվ նոր թանգարաններ: Հայաստանի ու Արցախի 113 թանգարաններ հանրության  առաջ իրենց դռները կբացեն բազմաբովանդակ միջոցառումներով: Սակայն, մինչ առաջիկա միջոցառումներին անդրադառնալը փորձեցինք պարզել՝ որքանով են մեր հայրենակիցները հետաքրքրված թանգարանային գիշերներով:

«Տեղյակ եմ, երեւի կգնանք: Կմասնակցենք, հաճելի է շատ, ավելի ես սիրում հայրենիքդ»:

«Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում». « ԻԿՕՄ-ի  գագաթնաժողովում Թանգարանների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն ընտվել է կառույցի հայկական ազգային կոմիտեի առաջարկությամբ»,-ասում է կոմիտեի տնօրեն  Մարինե Հարոյանը:

«Առաջարկվող թեմայի հետ սովորաբար ներկայացվում է նաև շարժառիթը: Այս թեմայի ընտրության շարժառիթը և՛ Հայոց ցեղասպանությունն էր, մասնավորապես 2015-ին նշված 100-ամյակը, և՛ Հոլոքոստը: Հաշվի էր առնվել հատկապես  այն փաստը, որ բռնությունների ալիքն աշխարհում, ցավոք,  գնալով ավելի ու ավելի մեծանում է: Այդ ամենը նպաստեց նրան, որ բոլորը քվեարկեցին հօգուտ այս կարգախոսի»:

«Թանգարանային գիշեր» համաեվրոպական միջոցառման օրը՝ մայիսի 20-ին, պետական երեք թանգարաններում, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, կգործարկվի «Աուդիովիզուալ գիդ» բջջային հավելվածը, որի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 19-ին, Փարաջանովի թանգարանում: Մինչև տարեվերջ թանգարանների մասին բազմալեզու տեղեկություններ պարունակող հավելվածը կներդրվի պետական յոթ թանգարաններում»,-տեղեկացրեց մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Թանգարանների միջազգային օրվա, Թանգարանների գիշերվա առիթով կազմակերպվող միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 19-ին կբացվի Գրատպության թանգարանը: Հայաստանի  ազգային գրադարանի տնօրեն  Տիգրան Զարգարյան. «Թանգարանը բաղկացած է վեց սրահներից, որոնք ներկայացնում են  հայերեն տպագիր գրքի  անցած ճանապարհը՝ սկսած նախագրային շրջանից: 1512 թվականից մինչև մեր օրերը ներկայացնող եզակի հրատարակություններ, բացառիկ ցուցանմուշներ, որոնք կհետաքրքրեն թանգարանի ամենատարբեր տարիքի այցելուներին»:

Թանգֆարանների գիշեր համաեվրոպական միջոցառմանն այս տարի առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաբաց «Տիկնիկների պատկերասրահը»:

Ցավոտ պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում».  կարգախոսի ներքո այս թանգարանի  ներկայանալը փոքր-ինչ դժվար էր պատկերացնել, բայց պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինե Խաչմանուկյանը գտել է լուծումը.

«Մենք կներկայացնենք վավերագրական մի լուսանկարի պատմություն: Հեղինակը նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյորն է, որն  աշխատել  է Մուշի հայկական դպրոցներում  և դարձել  Հայոց ցեղասպանության ականատեսը:  1910-ը թվականին արված   նրա լուսանկարում Մուշի հայկական դպրոցի 13 աշակերտուհիներն են՝ երջանիկ ու ժպտացող դեմքերով: Նրանց  ձեռքերում տիկնիկներ կան: Բոդիլ Բյորն իր հուշերում գրում է, որ  տիկնիկները երեխաները նվեր էին ստացել Սուրբ Ծննդյան տոնի առիթով և լուսանկարվելիս շտապում էին, որպեսզի ավարտեն  ու խաղան իրենց տիկնիկներով»:

«Հաջորդ առավոտյան շատերի տիկնիկներն անհետացել էին. դրանք գողացել էին թուրք սպաների կանայք»,- գրում է Բյորնը: «1915 թվականին Բյորնը նույն կերպ փնտրում ու չէր կարողանում գտնել լուսանկարում պատկերված  իր սաներին. նրանց մեծ մասը սպանվել էր…»:

Ցուցադրել ավելի
Back to top button