

ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջարկել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի թեկնածությունը: Առաջարկն ընդունվել է միաձայն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«ԱԺ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջարկել է շատ բազմափորձ Արա Բաբլոյանի թեկնածությունը, տեղակալների պաշտոնում` արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի և իմ` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում կլինի Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարի պաշտոնում` Գագիկ Մելիքյանը», — ասաց Է. Շարմազանովը:
Նա նաև նշեց, որ մայիսի 18-ին Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կանոնակարգում, ըստ որի՝ առաջարկվում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների թիվը կրճատել մինչև 9-ի:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մելիքյանին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանին, Տնտեսական հանձնաժողովի նախագահ՝ Խոսրով Հարությունյանին,Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հրայր Թովմասյանին,
Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Կորյուն Նահապետյան, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանին: