Օպտիմալացում՝ առողջապահական համակարգում. հրաժարականից առաջ նախարարը ներկայացրել է կատարած եւ ապագա ծրագրերը


«Հեպատիտ Ց հիվանդությունն ունեցող քաղաքացիների բուժման ծրագրի նախապատրաստական փուլն ավարտվում է, եւ հաջորդ շաբաթվանից սկսելու ենք 1000 հիվանդների անվճար բուժումը»,- այսօր հայտարարել են առողջապահության նախարարությունում: Ի դեպ, հեպատիտ Ց-ից ամբողջությամբ բուժվելու կուրսը, ըստ բժիշկների, կազմում է 86 հազար դոլար: Թեեւ գործող կառավարությունը երկու օրից հրաժարական է տալու, բայց առողջապահության նախարարությունը մի շարք մշակված ծրագրեր ունի, որոնք իրենց արդյունքը տալու են 3-5 տարում: Դրանց մեջ մտնում է օպտիմալացումը, ապահովագրությունը, բժշկական հաշտարարի ներդրման համակարգը, ստվերի կրճատումը:
Տարբեր գնահատականներով, մասնավորապես Համաշխարհային բանկի տվյալներով, այսօր Հայաստանում առողջապահության վրա պետությունը եւ բնակչությունը միասին ծախսում են մոտ 250 միլիարդ դրամ: Սա Հայաստանի օպտիմալ առողջապահական բյուջեի իրական չափն է: Պետությունը, սակայն, ոլորտին հատկացնում է ընդամենը 85 միլիարդ դրամ: Գումարների տարբերությունը այն ակնհայտ ստվերային շրջանառությունն է, որն առկա է առողջապահության հատվածում:
Իր ղեկավարած ոլորտում գոյություն ունեցող ստվերի մասին առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը լավատեղյակ է, մոտ ապագայում պատրաստվում են ձեռնարկել քայլեր՝ ստվերային ծախսերը բացառելու եւ օրինական դաշտ բերելու համար: Սա առաջին հերթին ենթադրում է առողջապահական ապահովագրության համակարգի ներդրում: Կամավոր ապահովագրություն այս հատվածում արդեն կա: Աստիճանական քայլերով առողջապահության պարտադիր ապահովագրությանը կարող ենք հասնել 2019 թվականի 3-4-րդ եռամսյակներից:
Նախարարությունում ապագայի հետ կապված ծրագրերը շատ են: Դրանցից մեկն էլ բժշկական հաշտարարի համակարգի ներդրումն է: Այդպիսի համակարգ գործում է արդեն շուրջ 40 երկրում: Մասնագետները նշում են՝ սուղ միջոցներով փորձում են անել ավելին, բայց նաեւ գիտակցում՝ հասարակության մեջ դժգոհությունները դեռ պահպանվում են: Սա փաստում է նաեւ «Ռադիոլուրի» հարցումը Երեւանի փողոցներում: Բժշկական սպասարկման որակի առնչությամբ քաղաքացիների գնահատականները հակասական են:
«Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքացիները դժգոհում են նաեւ պետպատվեր հասկացությունից: Շատ են դեպքերը, երբ տարվա սկզբին արդեն որոշ հիվանդանոցներում պետպատվերով բուժում չի իրականացվում։ Հատկացված գումարի վերջացել է՝ հիմնավորում են։ Նախարարությունից ասում են, որ այս հարցով նոր մոտեցումներ են մշակվում: Մասնավորապես՝ պետպատվերի ճիշտ կիրառման համար պատասխանատու գերատեսչությունը կհետեւի այսպես կոչված «ոտքերով քվեարկությանը»: Այսինքն` մարդ որտեղ ուզի բուժվել, այնտեղ էլ կգնա` ընտրելով լավագույն բուժհիմնարկը։ Պետպատվերի համակարգը ըստ այդմ կբարելավվի, այլ ոչ թե հավասարաչափ գումարը կբաշխվի բոլոր հիվանդանոցների միջեւ` առավելագույնը կտրվի լավ հիվանդանոցին։ Դա իր հերթին կառաջացնի մրցակցություն:
Այսպիսով՝ առողջապահության համակարգում մեկնարկող օպտիմալացման չափը դեռ հստակ չէ, բայց արդեն հայտնի է, որ առաջիկայում որոշ բուժհաստատություններ կփակվեն, իսկ որոշները կմիավորվեն: Նախարարն ասում է, որ առաջիկա 1-2 ամիսների ընթացքում կմիավորվեն Բերդի բուժկենտրոնն ու հոսպիտալը, ինչպես նաեւ Վարդենիսի բուժկենտրոնն ու տարածքին մոտ հոսպիտալը: Իրականացվող բարեփոխումների արդյունքում նախարարությունում մտմտում են նաեւ բժշկական տուրիզմը զարգացնելու ուղղությամբ: Սակայն սրանք դեռ ապագայի խնդիրներ են, իսկ երկու օրից ԱԺ ձեւավորմանը զուգահեռ գործող կառավարությունը ներկայացնելու է հրաժարական:
Նախարարը սակայն այդպես էլ չի բացահայտում, թե «աչքի տակ» ինչ ծրագրեր ունի, որոնցով կզբաղվի նախարար չնշանակվելու դեպքում: