Վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26-ին


Վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26-ին: Վերջին զանգը տոն է ինչպես մանկավարժների, այնպես էլ շրջանավարտների և նրանց ծնողների համար: Հանրապետության 1400 դպրոցները նոր կյանք կճանապարհեն շուրջ 20.000 շրջանավարտների: ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին դասի կազմակերպմանը, հայտնել է, որ վերջին դասը հավուր պատշաճի անցկացնելու վերաբերյալ նախարարի շրջաբերական է ուղարկվել հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններ: Միևնույն ժամանակ` հանրակրթության վարչության պետը նշել է, որ դրամահավաքին վերաբերող ահազանգերը բավականին նվազել են: Ինչպես են դպրոցները պատրաստվում վերջին զանգին և ինչ տրամադրություն ունեն շրջանավարտները:
Դպրոցներում այս օրերին իրարանցում է, հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտները նախապատրաստվում են հրաժեշտի միջոցառումներին։ Հանրապետության 1400 դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 26-ին: Վերջին դասին կմասնակցեն 19618շրջանավարտներ: Եվս 29600 հրաժեշտ կտա հիմնական դպրոցին: Այսպիսով՝ վերջին դասը յուրաքանչյուր դպրոց յուրովի է կազմակերպելու: Բայց տոնական տրամադրությունն այս օրերին էլ ակնհայտ է: Դպրոցներում ավարտական միջոցառման վերջին փորձերն են: Վերջին զանգին մնացել են հաշված օրեր, իսկ անելիքներ դեռ շատ կան:
Վերջին զանգի միջոցառումները նաև ԿԳ նախարարության ուշադրության կենտրոնում են: Անդրադառնալով տոնական միջոցառումներին՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ վերջին դասը հավուր պատշաճի անցկացնելու վերաբերյալ նախարարի շրջաբերական է ուղարկվել հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններ: Հաշվի առնելով, որ վերջին զանգն ավանդաբար ուղեկցվում է նաև դրամահավաքության դեմ բողոքներով և դժգոհություններով, հանրակրթության վարչության պետից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք թեժ գծով ստանում են նման ահազանգեր: Պաշտոնյան գոհունակությամբ նկատեց, որ դրամահավաքին վերաբերող ահազանգերը վերջին տարիներին բավականին նվազել են: Այս տարի ունեցել են 5-6 ահազանգ և հիմնականում անանուն:
Հիշեցնենք, որ վերջին զանգին հաջոդելու են պետական ավարտական քննությունները և շրջանավարտները զուգահեռ նաև դրանց են պատրաստվում: Ի դեպ՝ այս տարի պետական ավարտական:
քննությունների կարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Ավարտական 6 քննությունների փոխարեն շրջանավարտները կհանձնեն 3 քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից:
Նշենք, որ նույն կարգի համաձայն՝ շրջանավարտների մի մասն արդեն իսկ դեկտեմբերին հանձնել է պետական -ավարտական քննությունները։ Դրանց չեն մասնակցել միայն այն շրջանավարտները, ովքեր տվյալ առարկաները շարունակելու էին ուսումնասիրել նաև 2-րդ կիսամյակում: