Հասարակություն

Նախարարը մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը  մայիսի 14–15-ը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ
ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի աշխատանքներին։

Համաժողովի հիմնական թեման Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ
դարում մետաքսի ծովային ճանապարհի համատեղ կառուցումն էր, որի նախաձեռնողը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է:

Այս նախագծում ներգրաված են հարյուրից ավելի երկրներ և միջազգային
կազմակերպություններ, որոնց մասնակցությամբ և աջակցությամբ այն զգալի
առաջընթաց է արձանագրել։ Ձևավորվել է միջազգային համագործակցության խոշոր
կոնսենսուս, որը բոլոր մակարդակներում  արդեն  նշանակալի արդյունք է
գրանցել։

Ներկայացուցչական համաժողովին իրենց մասնակցությունն են ունեցել 29 երկրի
ղեկավարներ, 130 երկրների կառավարության ներկայացուցիչներ, 70 միջազգային
կազմակերպություններ և բազմաթիվ այլ ընկերություններ։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցած լիագումար նիստում քննարկվել են
ծրագրի  ֆինանսական հնարավորությունները, անարգել առևտրին վերաբերող մի
շարք հարցեր։ Հաջորդիվ կայացել են խմբային 6 քննարկումներ։

Համաժողովի ընթացքում  նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այն
ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց իրականացումը կնպաստի բարելավելու
Հայաստանի տարանցիկ հնարավորությունները և Արևելյան Ասիայով կապ հաստատելու
Ռուսաստանի Դաշնության և եվրոպական այլ երկրների հետ:

Հաշվի առնելով, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային
ծրագիրը Մետաքսի ճանապարհի մի հատվածն է,  ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել
են նաև Հայաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումներ իրականացնելու
հնարավորությունները և դրանց ծավալը մեծացնելու նախապայմանները:

Համաժողովի շրջանակներում Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել
տրանսպորտի ոլորտը կարգավորող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև
չինական մի շարք շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Ցուցադրել ավելի
Back to top button