Քաղաքական

Հայկական կողմի «հակաթույնը» զայրացնում է հակառակորդին

2017թ. մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի հետևանքով  մասնակի վնասվել է մեր ռազմական տեխնիկան: Ադրբեջանական զինուժի սադրանքը պաշտպանության բանակում մարդկային կորստի չի հանգեցրել:

ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ տեղեկացնում է  Արցախի ՊՆ նախարարությունը: Կատարվածին արձագանքել է Արցախի պաշտպանության նախարարության խոսնակ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Նա նշել է. «Հակառակորդն ամիջական շփման պայմաններում անկարող լինելով որևէ հաջող գործողություն իրականացնել Պաշտպանության բանակի դեմ, որոշել է փոխել սեփական մարտավարությունը և գնալ անկանխատեսելի հետևանքներով հղի՝ առավել լուրջ սադրանքների: Թե իրականում որքանով է արդարացված ու հեռանկարային այս գործելաոճը, ցույց կտան հետագա զարգացումները, բայց որ ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, իր մաշկի վրա կզգա հայ զինվորի հարվածի ծանրությունը, անկասկած է»,- նշել է Սենոր Հասրաթյանը։

Ինչով է պայմանավորված ադրբեջանական կողմից կառավարվող հրթիռից պաշտպանության բանակի ռազմական, պաշտպանական բնույթի օբյեկտի ուղղությամբ կրակ բացելու այսօրվա մոտեցումը։

Պաշտպանության Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց, որ. «Դիմում է նորանոր միջոցների քանի որ հայկական կողմը հակաթույնը գտնում է: Նպատակը միշտ էլ նույնն է ՝ պահել լարվածություն»:

Ինչ մարտավարություն է ընտրել հակառակորդն այսօր ու որքանով է համահունչ հայկական կողմի մարտավարությունը՝ հարցրեցի. «Հակառակորդը վերջին մեկ տարում հակառակորդը հիմնականում հրաժարվել է դիվերսիոն-ներթափանցման փորձերից»:

Գրեթե նույն պատկերն է նաև դիվանագիտական հարթությունում: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը  հնարավոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի երկրների արտգործնախարարների նոր հանդիպման կազմակերպումը։

Անդրադառնալով ապրիլի 28ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել էր, թե՝ «Մոսկովյան հանդիպումից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տարածքներից հայկական զորքերը դուրս հանելու դիմաց խաղաղության հաստատումը հնարավոր է, այլ կերպ ասած, տարածքներ՝ խաղաղության դիմաց տրամաբանությամբ»,-  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ի պատասխան Մամեդյարովի՝ «Ռադիոլուրին» հստակեցրեց:

«Ապրիլի 28-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման բովանդակությունն արտացոլված է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարությունների կողմից հրապարակված հաղորդագրություններում: Իմիջիայլոց, նախատեսվում էր, որ համանման բովանդակության հաղորդագրություն պետք է հրապարակի նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, ինչը տեղի չունեցավ, և դրա տրամաբանական շարունակությունն էր, որ ադրբեջանական կողմը հանդես է գալիս այլևայլ մեկնաբանություններով»:

Մոսկովյան հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում, ի դեպ,  մատնացույց էր արվում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը, նաև  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմի թվաքանակի ավելացման անհրաժեշտությունը: Ի դեպ՝այսօր լրանում է Վիեննայի պայմանավորվածություններին մեկ տարին։

Back to top button