Հայաստանը կարող է կամրջել արաբական աշխարհը ԵՏՄ-ի հետ. փորձագետ


Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ նշանակալի տեղ ունի մերձավորարևելյան տարածաշրջանը: Այս տեսանկյունից վերջին շրջանում բավականին աժխուժություն կարելի է նկատել՝ փոխադարձ այցերի ակտիվացման տեսքով: Վերջին օրերին էլ պաշտոնական այցով Կատարում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ: Նախագահի Այցն էլ պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար: Անցած երկու օրերին մեր երկրի ղեկավարն արդեն հանդիպել է Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, մայրաքաղաք Դոհայում կայացել է նաեւ Հանրապետության նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներում երկուստեք շեշտվել է այն հանգամանքը, որ հարաբերությունների զարգացման բավականին չօգտագործված ներուժ կա, իսկ նման այցերը խթան են այդ ուղղությամբ: Սա նկատում են նաեւ Հայաստանի տնտեսական փորձագիտական շրջանակներում:
Հայաստանը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ: Այս մասին նույնպես կատարյան հանդիպումներում շեշտադրվել է: Հույս է հայտնվել նաեւ, որ Հայաստանի նախագահի՝ Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Հանդիպում-քննարկումներ կլինեն նաեւ մեր երկրում:
Արաբական աշխարհի երկրներն «ավանդական ներդրումային երկրներից չեն», որպեսզի մենք հստակ կարողանանք ասել, թե որտեղ պետք է լինեն շեշտադրումները: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ բոլոր ճակատներով էլ աշխատանքների հնարավորություններ կան:
Տնտեսագետը հավելեց, որ այդ բացը լրացնելու հնարավորություն ներկայումս ունենք. նկատվում է որոշակի ջերմություն: Ներուժի թերօգտագործման խնդրի լուծման հարցում էլ, իրոք, պետությունն ունի անելիք, իսկ հեռանկարները իրատեսական են:
2016 թ. մայիսից Դոհա-Երևան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ է իրականացնում «Կատար Էյրվեյս» ավիաընկերությունը՝ նկատեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ դա տեղավորվում է բաց երկնքի քաղաքականության շրջանակներում, սակայն, նրա կարծիքով, դա չպետք է թողել միայն շուկայի թելադրանքներին:
Ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները քննարկվել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ավիաընկերության ղեկավարի հանդիպման ժամանակ:
Երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահվում հենց «Կատար Էյրվեյս»-ի այս ավիաթռիչքներին՝ հայկական ավիափոխադրումների շուկայում: Այս ավիաընկերությունը նույնպես տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ և հայտարարում, որ ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: Հայաստանի տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանն առաջնայնություններն էլ տեսնում է. Կատարի հետ առեւտրաշրջանառության ծավալները չեն բավարարում:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ այստեղ նաեւ բազմակողմ համագործակցության հեռանկարներ կան տնտեսական տեսանկյունից:
Բացի այդ, փորձագետի գնահատմամբ, Հայաստանը նաեւ կարող է կամրջել արաբական աշխարհը ԵՏՄ-ի հետ, ինչը ոչ պակաս հեռանկարային է: Սակայն, տնտեսագետի դիտարկմամբ, նման կարեւոր հարցերի իրատեսական հանգուցալուծումներ առաջարկելիս, անպայման պետք է նկատի ունենալ նաեւ մեզ համար ամենակայուն եւ ամենականխատեսելի հարեւան Իրանին: