Հասարակություն

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

«Սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ,

շնորհավորում եմ ձեզ Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ:

Երիտասարդությունը քաղաքական ու քաղաքացիական ակտիվության յուրատեսակ ցուցիչ է: Շնորհիվ մեր երիտասարդների ու ուսանողների` մեզանում այդ ցուցիչը բավականին բարձր է, որովհետեւ երիտասարդ սերունդը վճռորոշ մասնակցություն է ցուցաբերում թե’ անվտանգության ու խաղաղության ապահովման գործում, թե’ հասարակական հարթակներում եւ թե’ քաղաքական գործընթացներում:

Այն բարձունքները, որոնք նվաճում է երիտասարդությունը կրթական ու գիտական, աշխատանքային ու հասարակական-քաղաքական ոլորտներում եւ, իհարկե, զինվորական ծառայության ընթացքում ու մասնավորապես սահմանային առաջնագծում, չափազանց կարեւոր են մեր երկրի կյանքում: Այն սահմանները, որ պաշտպանում է երիտասարդությունն իր գործունեությամբ եւ հաճախ նաեւ կյանքով՝ պետական, արդարության, ժողովրդավարության սահմանները, կենսական են հասարակության ու պետության համար: Այս բոլոր ճակատներում եւ գործընթացներում մեր երիտասարդները պատվախնդիր են՝ արժանապատվության ու պարտքի հստակ գիտակցումով:

Համոզված եմ, որ այսպիսի երիտասարդությամբ մեզ սպասում է հենց այն ապագան, որը մեր նպատակակետն է որպես հայրենիքի արժեքն իմացող քաղաքացի, որպես խաղաղ զարգացման ճանապարհն ընտրած պետություն, որպես հաստատակամ ու հաղթող ժողովուրդ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ուսանողների եւ երիտասարդների օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի երիտասարդներ եւ ուսանողներ, լավատեսություն, բարեկեցություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ եւ շարունակական հաղթանակներ»:

Back to top button