ԿարևորՀասարակությունՄշակույթ

Սա պատկանում է ուրիշներին. «Ուրիշները» ֆիլմը՝ Վանի իսկական տերերի մասին

Թբիլիսիում ներկայացվել է գերմանաբնակ քրդական արմատներով թուրք ռեժիսոր Այշե Փոլատի «Ուրիշները»  ֆիլմը:  Վանի քուրդ  բնակիչները ֆիլմում մինչ օրս զգուշանում են 1915թ. տեղի ունեցած հայերի  ցեղասպանության մասին խոսելիս` հայերին անվանելով «ուրիշները»: Ֆիլմի ռեժիսորը կարողացել է ցույց տալ, թե ինչ են մտածում Վանի այսօրվա բնակիչները «ուրիշների» մասին։

 

Հայերը Վանում այսօր «ուրիշներ են»` չնայած ողջ տարածքում նրանց թողած մշակութային ժառանգությանը:  Հայկական խոնարհված եկեղեցիներ, փրկվածների պատմություններ, խճճված ընտանիքներ, որոնց ժառանգները դեռ ամաչում են խոսել իրենց ծագման մասին:

34- ամյա Ալին պատմում է, որ  տատիկը հայ էր, անունը` Փիրուզա: Նա ուզում է, որ  Վանի այսօրվա բնակիչները` քրդերը, անկեղծանան. պատմեն իրականությունը: Ալին անցնում է գյուղից գյուղ՝ վերհանելու դեռ անհայտ մնացած պատմությունները:

Բազմաթիվ քուրդ երիտասարդներ, որ Վանի տարբեր շրջաններում տարիներ շարունակ գանձագողությամբ են զբաղվում, ֆիլմում Ալիին տանում են վայրեր, որտեղ կարող են գտնել  «հայերի առասպելական ոսկիները»:

Տները, աղբյուրները, քարերը, այն ինչ շրջապատում է տեղացիներին, հայկական է:  Քուրդ բնակիչներից մեկն ասում է. «Սրանք մերը չեն, եթե անկեղծ լինենք, այս գյուղը մերը չէ. Սա պատկանում է ուրիշներին, բայց որտեղ են նրանք. Հայաստանում: Սրանք մերը չեն»։ Մինչ քուրդ բնակիչներից մեկը ասում է սա, նրա կողքին հավաքված ընտանիքի անդամները գլխով համաձայնության նշան են տալիս:

«Այս ամեն ինչը սեփականատեր ունի»,- վստահեցնում է Վանի քուրդ գյուղացին: Ալին փորձում է մի գյուղացու բացատրել` որ հայկական եկեղեցին, որ փակել ու  օգտագործում է որպես ախոռատուն, իր սեփականությունը չէ: Գյուղացին երկար բանավեճից ու պաշտոնական թույլտվությունը տեսնելուց հետո բացում է եկեղեցու դուռը  մի քանի րոպե միայն նկարահանելու պայմանով:

Ֆիլմի ռեժիսորը ցույց է տալիս, որ բոլորն այստեղ գիտեն իրական պատմությունը։ «Գիտեն, որ քրդերի, թուրքերի ու հայերի խորհրդանիշ հանդսացող Վանա կատուներով հարուստ նահանգը մինչև  1915 թվականը հայերի հայրենիքն էր»:  Քրդական արմատներով գերմանաբնակ թուրք  ռեժիսորը Վանում տեսել  ու արձանագրել է.  «Անցյալը չի մահանում, դա անցյալ չէ նույնիսկ»:

Back to top button