Տնտեսական

ՋՕԸ-րը ուշացրել են ոռոգման ջրի մատակարարումը


Արմավիրի մարզում կան համայնքներ, որտեղ զգալի չափով հողեր չեն մշակվում ոռոգման ջուր չունենալու պատճառով: Ոռոգման խնդիրը երկընտրանքի տակ է պահում գյուղացուն՝ հողերը մշակելու հարցում:  Մերձարաքսյան գոտու համայնքներում ոռոգման ջուր է տրվել մեկ շաբաթ առաջ: Փոխվել է ՋՕԸ-նների հետ պայմանագրային պարտավորությունների կետերը և գյուղացիների մեծ մասը հրաժարվում է պայմանագիր կնքելուց: Այս խնդիրները քննարկվել են Արմավիրի մարզխորհրդի նիստում:

 

Արմավիրի մարզում ոռոգման ջրի բացակայությունը իսկական աղետ է գյուղացիների համար: Տարիներ շարունակ հարցը փորձում են կարգավորել, բարելավել համակարգի սպասարկման ծառայությունները, բայց ջրօգտագործողների ու մատակարարող ընկերությունների միջև տարաձայնությունները չեն վերանում: Երասխահուն, Արազափ, Զարթոնք  և հարակից մի շաք համայնքների ղեկավարները նշեցին, որ Սև ջրում ջուր չկա և իրենք ոռոգման ջուր են ստացել մոտ մի շաբաթ առաջ:  Զարթոնք, Արտաշար համայնքների հողերն ու ոռոգման ցանցը լցված են կոյուղաջրերով, ոռոգման ջուր չի տրվում տարածքը կեղտաջրերից մաքրելու համար:

Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանն էլ տեղեկացրեց, որ 350-400 հա հողատարածություն չեն կարողանում մշակել դարձյալ ոռոգման ջրի բացակայության պատճառով: Տարածքի ոռոգման համար ՋՕԸ-ան հետ միասին կազմել են տարբեր փաստաթղթեր, դիմել են վարչապետին, սակայն հարցն այդպես էլ չի լուծվում:

«Ամեն տարի  սածիլները դնում են, պատրաստում, որ տանեն դնեն  հողը, ջրի հարցը չի լուծվում, ՋՕԸ-ը չի կարողանում մեզ ջուր տա»,-ասում է Ջրառատի գյուղապետը Սամվել Գալստյանը:

Արազափում նույնպես ոռոգման ջրի մատակարարման խնդիր կա, բացի այդ ջուրօգտագործողներն ունեն  տարիների  կուտակած պարտքեր՝ սկսած 2004 թվականից: Գյուղապետ Մանվել Հարությունյանը պարզաբանեց, որ ՋՕԸ-րի հետ կնքած պայմանագրով մատակարարը պետք է լիարժեք ոռոգման ջուր մատակարարի ջրօգտագործողին և համապատասխան գումար պահանջի մատակարարած ջրի դիմաց: «Արազափցին 100 տոկոսով ջուր չի ստացել, որ 100 տոկոսով էլ մուծի, ինչքան ջրել է, այդքան է մուծել, մնացորդը  կուտակվել է, որպես պարտք»,- համոզված է Արազափի գյուղապետը:

Ոռոգման համակարգերի կառուցվածքային փոփոխությունները բարդություններ են ստեղծել ոլորտի աշխատանքում: Համայնքների ղեկավարները կառույցների պատասխանատուների հետ  կապ չեն կարողանում հաստատել հաղորդակցման տվյալների բացակայության պատճառով: Գյուղացիների վրա կուտակված ջրի պարտքը շուրջ 7 մլրդ դրամ է: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համայնքների ղեկավարներին ասաց, որ պետք է ՋՕԸ-երի հետ  համերաշխ աշխատել, կնքել պայմանագրերը, վճարել ոռոգման ջրի պարտքը, որպեսզի նրանք էլ իրենց հերթին կարողանան խորքային հորերն աշխատացնել ու ջուր մատակարարել:

Գյուղացիները  սովորաբար ջուր օգտագործող ընկերությունների հետ աշխատում են պայմանագրով, սակայն այս տարի  պայմանագրային կետերում կան  փոփոխություններ և նրանք  հրաժարվում են պայմանագիր  կնքելուց: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յուրա Մանվելյանին վերանայել պայմանագրերը:

Նոր պայամանագրերն առաջացրել են ոչ միայն գյուղապետերի, այլև գյուղացիների զայրույթը: Գյուղապերտերից մի քանիսն առաջարկեց ոռոգման ջուրը նույնպես մատակարարել ջրաչափով, տան և պահանջեն գումարը, ճիշտ այնպես, ինչպես խմելու ջրի դիմաց: Այլապես գյուղացիները վստահ են, որ իրենց ծախսածն ավելի քիչ է, քան պահանջածը:

Ցուցադրել ավելի
Back to top button