

Եվ այսպես, Երևանն արդեն քաղաքային նոր իշխանություն ունի: Մայրաքաղաքի ղեկը կրկին Հանրապետականի ձեռքին է: Առաջիկա 4 տարիներին Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի Տարոն Մարգարյանը: Ավագանիում ներկայացված կլինի նաև երկու նոր քաղաքական ուժ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ամփոփել է երեկ կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ դրանց` Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների 71%-ը կամ մոտ 240 հազար քաղաքացի: «Ելք» դաշինքը ստացել է մոտ 71 հազար քվե կամ ձայների 21%-ը, «Երկիր Ծիրանի»-ի օգտին քվեարկել է ընտրության մասնակիցների համարյա 8 %-ը: Անվավեր են եղել քվեաթերթիկներից շուրջ 8000 -ը: Իսկ մասնակացության ցուցանիշը 41% է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ցածր մասնակցությունը ընտրական գործընթացի նկատմամբ անվստահության ցուցիչ չի համարում, կարծում է դրան նպաստել է նաև այն, որ ընդամենը 3 ուժ էր մասնակցում ընտրություններին:
«Դա իհարկե իր ազդեցությունը կարող էր ունենալ, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ գալիս են տեղամասեր կոնկրետ այս կամ ուժին իրենց քվեն տալու համար: Ես կարծում եմ՝ ընդամենը 3 ուժի մասնակցությունը ունեցավ իր ազդեցությունը մասնակցության թվի վրա»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ օրվա ընթացքում տարբեր ահազանգեր ստացել է, բայց գրավոր որևէ դիմում կամ բողոք չի ստացել: Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ ընդհանուր առմամբ արձանագրված խախտումները ոչ քանակական և ոչ էլ որակապես ընտրությունների ընթացքի վրա չեն ազդել, իսկ ամենաաղմկոտ միջադեպը՝ «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և իրավապահների միջև, կարծում է, չի ստվերել ընտրական գործընթացը:
« Դա մի միջադեպ էր, որ տեղի ունեցավ տեղամասային կենտրոններից դուրս: Նման միջադեպեր գուցե օրվա ընթացքում այլ քաղաքացիների միջև էլ տեղի են ունեցել դրսում: Իսկ այն, ինչ տեղի էր ունենում տեղամասերում, յուրաքանչյուրը կարող է այդ ամենին հետևել ու դատողություններ անել: Մեր դատողությունն այն է, հետևելով այդ ամենին ենք ասում, որ ընտրական գործընթացն ընթացավ Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան»:
Նույնքան լավատես չեն դիտորդները: Այն կազմակերպությունները, որոնք տեղամասերում հետևել են ընտրական գործընթացին, տարբեր խախտումներ են արձանագրել:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդներ է ունեցել բոլոր 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Մի քանի տասնյակը տեղամասերում եղել է քվեարկության մեկնարկից մինչև ձայների հաշվարկը, դիտորդների մյուս մասը շրջել է տարբեր տեղամասերում: Տիգրան Եգորյանը ամփոփում է իրենց արձանագրածը:
«10 տարածքային հանձնաժողովներից 76 հաղորդում ենք ստացել խախտումների մասին, որոնք պարունակել են հայտնի խախտումների ամբողջ սպեկտորը: Ամենաբարձր տոկոսով արտահայտված են եղել դիտորդների գործունեության և լիազորությունների խոչընդոտման դեպքերը»:
«Իրազեկ քաղաքացիների միավորումից» Դանիել Իոնիսյանն էլ խոսում է քվեարկության ժամանակ օգնողի ինստիտուտի շահարկման և կեղծ դիտորդների մասին: Այս երկու ասպեկտով, ասում է. ավագանու ընտրությունները գերազանցել են խորհրդարանականը:
Ընդհանուր առմամբ՝ իրավապաշտպանները շատ ավելի լուրջ խնդիրներ են տեսնում ընտրական գործընթացում, քան տեղամասերում արձանագրվող խախտումներն ու դրանց վիճակագրությունը: Ասում են՝ տարիների ընթացքում ընտրական համակարագը որպես ինստիտուտ դեգրադացվել է, այն գաղափարները, որոնց ընկած են ընտրության հիմքում, արժեզրկվել են:
Այս առումով, ըստ քաղաքացիական հասարակության, քվեարկությունը միայն արդյունքն է այն փոփոխությունների, որոնք տարիների ընթացքում են ձևավորվել են այս իրավիճակը: